Եվրամիությունը պետք է համաձայնության գա ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների հետագա ճակատագրի հարցում և «տեխնիկական լուծում» գտնի՝ Ուկրաինայի համար ավելի հստակ հեռանկարներ ապահովելու համար։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նշել է, որ ՌԴ ակտիվների անժամկետ սառեցման մասին ավելի վաղ ընդունված որոշումը թույլ է տվել եվրոպացիներին «իրենց համար ավելի հստակ հեռանկարներ ապահովել»։ Եվ հիմա հեռանկարների նույնպիսի հստակություն պետք է ապահովվի նաև Ուկրաինայի համար, որպեսզի «ֆինանսավորվեն նրա ռազմական ջանքերը»՝ այդ սառեցված ակտիվների օգտագործման մասին որոշման ընդունման հաշվին, հավելել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը «առաջարկել է մի քանի տարբերակ և կարևոր քննարկումներ են ընթանում այդ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ»։ «Մենք պետք է հեռանկարների հստակություն ապահովենք Ուկրաինայի համար։ Մենք պետք է ունենանք մեկ ընդհանուր նպատակ՝ օգնել Ուկրաինային ֆինանսավորել իր ռազմական ջանքերը»,- ասել է նա։
«Եվրոպական մակարդակով մենք հասել ենք այդ սառեցված ակտիվների արգելափակմանը, ինչը շատ լավ է։ Այժմ մենք պետք է ֆինանսավորում ապահովենք վարկային միջոցների հաշվին և մենք դրա համար տեխնիկական լուծում կգտնենք. մենք չպետք է պառակտվենք տեխնիկական մանրուքների պատճառով։ Մենք քննարկումներ կունենանք մեր բելգիացի գործընկերոջ և բոլոր մյուսների հետ։ Ես վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք. այն պետք է գտնվի ԵՄ այս խորհրդի ընթացքում»,- հավելել է Մակրոնը։
Ռուսական սառեցված ակտիվների մեծ մասը՝ շուրջ 210 միլիարդ եվրոն Եվրոմիությունում է գտնվում, որից 185 միլիարդ եվրոն արգելափակված է Բելգիայում գործող Euroclear միջազգային հարթակում (խումբ, որի մեջ մտնում են համանուն արժեթղթերի միջազգային դեպոզիտարիան և Euroclear Bank-ը)։






































