Ես առաջարկեցի 2 տարբերակ առաջիկա Եվրոպական խորհրդի քննարկումների համար. մեկը՝ հիմնված ռեպարացիոն վարկի վրա, մյուսը՝ ԵՄ փոխառությունների վրա։ Եվ մենք պետք է որոշենք, թե որ ճանապարհն ենք ուզում ընտրել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը Եվրախորհրդարանում:
«Բայց մի բան շատ հստակ է. մենք պետք է որոշում կայացնենք Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ այս Եվրոպական խորհրդում հաջորդ երկու տարիների ընթացքում», — նշել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա հավելել է, որ Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր սեփական անվտանգության համար և չկա այլ տարբերակ։
«Այսպիսով, այս շաբաթվա գագաթնաժողովում մեր խնդիրն է ցույց տալ, որ մենք կենտրոնացած ենք մեր սեփական ռազմավարության, մեր սեփական շահերի և մեր սեփական առաջնահերթությունների վրա», — հայտնել է ֆոն դեր Լեյենը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրվա գագաթնաժողովը կարևորագույն նշանակություն ունի Եվրոպայի և Ուկրաինայի համար, և ամենահրատապ, չլուծված հարցն Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվներին հասանելիություն տրամադրելն է՝ պատերազմական ջանքերը ֆինանսավորելու համար: Բելգիան, որտեղ պահվում է այդ ակտիվների մեծ մասը, դեմ է դրանց օգտագործմանը՝ վախենալով, որ ստիպված կլինի վերադարձնել ամբողջ գումարը, եթե Ռուսաստանը փորձի հետ ստանալ այն:
«ԱՄՀ-ն և մեր գնահատականները ցույց են տալիս, որ Ուկրաինայի կարիքները 2026 և 2027 թվականների համար կազմում են մոտ 137 միլիարդ եվրո։ Եվրոպան պետք է ծածկի դրա երկու երրորդը, այսինքն՝ 90 միլիարդ եվրո», — նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։






































