Խաբեություն Միջազգային քրեական դատարանի անդամակցության վերաբերյալ. Մարուքյան

ՀՀ կառավարությունը դրժել է իր տված խոստումը և Հայաստանի Հանրապետությունից ոչ մի գործ ներկայացված չէ Հաագայում, միջազգային քրեական դատարանում։ Այս մասին Facebook-ի իր էջի «լայվում» նշել է «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, հայտարարել է. «Մենք գտնվում ենք Հաագայում, միջազգային քրեական դատարանում, որի անդամ է արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Եթե դուք հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի երկուսին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեց մի ահասարսուռ տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, մեր դիրքում գնդակահարում են մեր անզեն զինվորներին։ Դրանից շուրջ մեկ տարի անց 2023 թվականի սեպտեմբերի 1–ին կառավարությունը որոշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա միջազգային քրեական դատարանի անդամ և խոստացավ, որ սա շատ հրատապ է, պետք է մենք դառնանք այս դատարանի անդամ, որպեսզի Իլհամ Ալիևի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործությունները, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունները պետք է քննվեին այս դատարանում։

Գիտե՞ք ինչ վիճակ է հենց հիմա, Հայաստանի Հանրապետությունից ոչ մի գործ ներկայացված չէ այս դատարանում, որովհետև ՀՀ կառավարությունը դրժել է իր տված խոստումը ժողովրդին, իսկ նա ժողովրդին խոսք է տվել թե կառավարության նիստի ժամանակ, թե Ազգային ժողովում, որ եթե ՍԴ–ն որոշեց և մենք վավերացման գործընթացն անցանք, ՀՀ ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում։

Մենք նաև հետադարձ ուժով ենք միացել այս դատարանին։ Այսինքն մենք 2021 թվականի սեպտեմբերի 10-ից սկսած բոլոր այն դեպքերով, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, սպանել, գնդակահարել, գերեվարել մեր զինծառայողներին, այս բոլոր դեպքերով Հայաստանը կարող է դիմել և խոսք էր տվել, որ պետք է դիմի այս դատարան։

Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն դրժել է իր տված խոստումը, այլ նաև ուրանում է մեր զինվորների թափած արյունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան դիրքերում։ Հենց հիմա այդ դիրքերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Եթե մենք դիմեինք այս դատարան, միգուցե մենք հիմա գերիներ չունենայինք ադրբեջանական բանտերում և դատարանում դատվող։ Եթե մենք դիմեինք այս դատարան, միգուցե Ադրբեջանը արդեն դուրս հանած լիներ իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից։

Սա անելու բան չէր, որ մեր կառավարությունը արել է։ Մենք խնդիր չէինք ունենալու սրա համար, սա խաղաղության գործընթացին չէր խանգարելու։ Ընդհակառակը, սա պարտադրելու էր Ադրբեջանին , որ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարի, դուրս հանի իր զինված ուժերը Հայաստանի տարածքից, պատժի այն մարդկանց, որոնք պատերազմական հանցագործություններ են իրականացրել, որը ոչ համաներում ունի, ոչ ժամկետ։ Այս բոլոր քայլերը պետք է արվեն, հաշտեցման համար, խաղաղության համար, մեր ռազմագերիներին նրանց բանտերից բաց թողնելու համար, վերջին հաշվով արդարության համար։

Մեզ բոլորիս խաբել են, Հայաստանը դարձել էս դատարանի անդամ, անդամավճար ենք վճարում այստեղ, բայց այդ գործերը չի ներկայացվել այս դատարան, և այս դատարանը ոչ մի կերպ չի օգտագործվում, որ Հայաստանի տարածքը ազատագրվի, որ ադրբեջանական զինված ուժերը ետ քաշվեն։

Ասեք, միանո՞ւմ եք այն պահանջին, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի այս դատարան հանուն այն արդարության, հանուն այն թափված արյան, հանուն գրավված մեր տարածքների, որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանել միջազգային իրավական մեխանիզմով»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930