Զորականում դաժան ծեծի, նվաստացման հեղինակներից մեկը ՔԿՀ պետի տեղակալի որդին է. Թումասյան

Զորականում անչափահասների մասնակցությամբ դաժան ծեծի, նվաստացման հեղինակներից մեկը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանի որդին է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Դավիթ Թումասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:

Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում:

Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ…. Ըստ իս՝ միանշանակ ոչ։

ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատաճառելը մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ: Պատասխանատվության ենթակա են ոչ միայն հարվածողներն ու հայհոյողները, այլ նաև նկարահանողը նույն տառապանքը պատճառելու համար:

Հ.Գ. Արդեն մոտ 1 ամիս է նախաձեռնված է քրեական վարույթ, և հուսամ այն կհանգեցնի տրամաբանական ավարտին: Ավելին, սա կլինի դասավանդվող նյութ, թե ինչպես չպետք է իրեն պահի երիտասարդը, որ չենթարկվի պատասխանատվության»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:

Նշենք, որ դեպքը նոր չէ, տեղի է ունեցել սեպտեմբերին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930