Նոյեմբերի 27-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» թեմայով։
ՄԻՊ–ից NEWS.am–ին հայտնում են, որ բացման խոսքով հանդես են եկել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար (Հայաստանում հավատարմագրված) Ալեքսանդր Վիննիկովը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ Կաորի Իշիկավան:
Անահիտ Մանասյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.
«Պատվարժա՛ն գործընկերներ,
Հարգելի՛ ներկաներ,
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանցքային եմ համարում խաղաղության, պաշտպանության ու անվտանգության լայն ճարտարապետության համատեքստում կանանց էական մասնակցության ապահովումը։ Վստահ եմ, որ կանանց դերի բարձրացումը՝ թե΄ զինված ուժերում, թե՛ ռազմավարական ու քաղաքական որոշումների կայացման մակարդակներում, ամրապնդելու է պետության դիմակայունությունը և նպաստելու է կայուն ու տևական խաղաղության և անվտանգության հաստատմանը։
Մեծ պատիվ եմ համարում այս բարձր մակարդակի միջազգային համաժողովի կազմակերպման հարցում ներդրում ունենալն ու Ձեզ բացման խոսքով դիմելը։
Նախ և առաջ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցին (ՄԱԿ Կանայք), Հայաստանի պետական իշխանության մարմիններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բոլոր այն գործընկերներին, որոնք մշտապես առաջ են մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում միջազգային և ազգային այն փորձագետներին, որոնց փորձառությունը հարստացնում է ոլորտում ունեցած մեր համատեղ տեսլականը։
Այսօրվա քննարկումը պարզապես գենդերային հավասարությունը որպես արժեք առաջ մղելու մասին չէ։ Այն ուղղակիորեն վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության համալիր ու առավել արդյունավետ համակարգի ամրապնդմանը, խտրականության բացառմանը և այդ համատեքստում կառավարման ու պաշտպանական այնպիսի համակարգերի ու միջավայրի ձևավորմանը, որոնք ներառական են, հաշվետու և պատասխանատու:
Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, վստահաբար առաջ եմ մղում այն գաղափարը, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ միայն չեն հակասում, այլ հակառակը՝ փոխլրացնում են միմյանց։ Ավելին՝ դրանցից յուրաքանչյուրն՝ առանց մյուսի, չի կարող կայուն ու հարատև լինել:
Վստահ եմ, որ զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների ապահովումը հանդիսանում է երկրի պաշտպանունակության բարձրացման և կայունության հիմնական նախապայմանը։
Անվտանգային և պաշտպանության համակարգերում հավասար հնարավորությունների երաշխավորումը, արժանապատիվ, արդար և խտրականությունից զերծ միջավայրը հնարավորություն են տալիս առավել արդյունավետ ու պրոֆեսիոնալ եղանակով արձագանքել ժամանակակից անվտանգային սպառնալիքներին և մարդու իրավունքների համակարգին առնչվող արդի մարտահրավերներին:
Ինձ վստահված մանդատի իրացման գործընթացում արձանագրված փորձը բազմիցս հաստատել է հետևյալ սկզբունքը․ որևէ համակարգ չի կարող լինել կայուն՝ առանց մարդու իրավունքների երաշխավորման, իսկ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է հենց անվտանգ և խաղաղ միջավայրում:
Պատվելի գործընկերներ,
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը միանշանակ արձանագրում է, որ կայուն և երկարաժամկետ խաղաղությունն անհնար է առանց կանանց լիարժեք, ներգրավված և ազդեցիկ մասնակցության։
Մեր համատեղ հանձնառությունը պետք է լինի՝ ապահովել, որ այս հիմնարար սկզբունքը վերածվի իրականության՝ ինչպես պաշտպանական ինստիտուտներում, այնպես էլ ռազմավարական որոշումների կայացման գործընթացներում և հասարակական բոլոր այլ մակարդակներում։
Վերջին տարիներին զինված ուժերում կանանց ներգրավվածության, իրավունքների երաշխավորման, ներառական ու հակախտրական միջավայրի ձևավորման ուղղությամբ և’ օրենսդրական մակարդակում, և’ գործնականում կատարվել են մի շարք կարևոր աշխատանքներ: Մանրամասն անդրադարձ չկատարելով իրականացված աշխատանքներին ու ոլորտային խնդիրներին (որոնք արտացոլված են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում), անհրաժեշտ եմ համարում հատուկ ընդգծել աշխատանքների դինամիկայի բարձրացման կարևորությունը և ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս հասարակության լայն շերտերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, ոլորտային փորձագետների ընդգրկման առանցքային բնույթը:
Ես և իմ աշխատակազմը հաստատակամ ենք՝ հետևողականորեն իրականացնելու մեր հանձնառությունը՝ զինված ուժերում, անվտանգային համակարգերում, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացներում ներգրավված կանանց համար արժանապատիվ, անվտանգ, հավասար և իրավունքների ժամանակակից չափանիշներին համապատասխանող միջավայր ամրապնդելու ուղղությամբ։
Շնորհակալություն»:
Միջոցառումը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ։






































