2025 թվականի նոյեմբերի 23–ից 25-ը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մասնակցել է Ուզբեկստանի Հանրապետության Սամարխանդ քաղաքում անցկացված «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) կողմերի 20-րդ համաժողովի (CoP20) բարձրաստիճան հատվածի հանդիպումներին։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են անհետացման եզրին գտնվող տեսակների միջազգային առևտրի վերահսկողության գլոբալ միտումները, պետությունների պարտավորությունների կատարելագործման ուղիները, ինչպես նաև իրավակիրարկման գործողությունների և իրավապահ կառույցների համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը։ Առանձնապես կարևոր է համարվել ՍԻԹԵՍ-ի գործիքակազմի արդիականացումը, թվայնացված և տվյալահեն լուծումների ներդրումը՝ ներառյալ մոնիթորինգի, հետագծելիության և միջազգային տվյալների փոխանակման նոր մեխանիզմները, որոնք նպաստում են վայրի բույսերի ու կենդանիների միջազգային շրջանառության վերահսկելիության բարձրացմանը։
Հիշեցնենք, որ CITES կոնվենցիան միջազգային համաձայնագիր է, որը կարգավորում է անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների միջազգային առևտուրը՝ ապահովելով, որ այն չվտանգի նրանց բնական գոյատևումը։ Հայաստանի Հանրապետությունը CITES կոնվենցիային միացել է 2009 թվականին և իրականացնում է դրա շրջանակում ստանձնած պարտավորությունները՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և միջազգային առևտրի վերահսկողության արդյունավետ համակարգի ապահովմանը։






































