Սերբիայի միակ նավթավերամշակման գործարանը, որը մատակարարում է երկրի վառելիքի ճնշող մեծամասնությունը, սակայն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների տակ, քանի որ վերահսկիչ փաթեթը պատկանում է Ռուսաստանին, կարող է դադարեցնել իր աշխատանքը արդեն երեքշաբթի, հայտնում է AFP-ն։
Անցած ամսից Սերբիայի նավթարդյունաբերությունը (NIS) գտնվում է պատժամիջոցների ներքո՝ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ կիրառված խիստ միջոցների շրջանակում, որոնք հետևեցին Ուկրաինայի դեմ 2022 թվականի ներխուժմանը։
Երկար ժամանակ հետաձգված պատժամիջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել էին հունվարին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, ուժի մեջ մտան հոկտեմբերի 9-ին, և Բելգրադը ստիպված եղավ լուծումներ փնտրել սպասվող էներգետիկ ճգնաժամի համար։
Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչը նախորդ ամսվա վերջում հայտարարել էր, որ «Պանչևոյի նավթավերամշակման գործարանը կշարունակի աշխատել առանց խափանումների մինչև նոյեմբերի 25-ը»։
Այդ ժամանակից ի վեր սերբական կառավարությունը հայտարարել է, որ համալրել է իր վառելիքի պաշարները՝ պատրաստվելով հնարավոր անջատմանը, և պայմանագիր է կնքել դեկտեմբերի համար նոր ծավալների ներմուծման վերաբերյալ։ Սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ միայն ներմուծումը բավարար չի լինի NIS-ը փրկելու համար։
«Արտադրությունը ծածկում էր ընդհանուր արտադրության մոտ 80 տոկոսը, իսկ ներմուծումը կազմում էր մոտ 20 տոկոս», – AFP-ին ասել է Բելգրադի տնտեսագետ Գորան Ռադոսավլևիչը։
Նա ընդգծել է, որ նման մեծ շուկայի բաժինը ներմուծմամբ փոխարինելը դժվար կլինի։
Քանի որ վերահսկիչ փաթեթը պատկանում է ռուսաստանցիներին, սերբ պաշտոնյաները ստիպված են հույս դնել, որ իրենց գործընկերները Մոսկվայում կհամաձայնեն վաճառել այն։ Սերբ պաշտոնյաները հայտարարել են, որ բանակցությունները շարունակվում են, իսկ նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ NIS-ի համար երեք հնարավոր գնորդ կա, սակայն չի բացահայտել նրանց անունները։
Անցած շաբաթ NIS-ը ԱՄՆ-ին նոր դիմում է ներկայացրել՝ պատժամիջոցներից ժամանակավոր ազատման համար, մինչ բանակցությունները շարունակվում էին, սակայն Վաշինգտոնի կողմից առայժմ որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Սերբիան 2008 թվականին վաճառել էր NIS-ի 51 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» և «Գազպրոմ նավթին»՝ 400 միլիոն եվրոյի (462 միլիոն ԱՄՆ դոլարի) դիմաց՝ ավելի լայնածավալ գործարքի շրջանակում, որը ներառում էր էներգետիկ ենթակառուցվածքների կառուցում, սակայն այն իրականացվել էր միայն մասնակի։
Սերբական պետությունը տիրապետում է NIS-ի մոտ 30 տոկոս բաժնեմասի, իսկ մնացածը պատկանում է փոքրամաս բաժնետերերին։





































