Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

ՀԷՑ-ի հետ կապված հիմնական խնդիրը մեր ռազմավարական մոտեցումն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ երկու հնարավոր տարբերակ են քննարկել, որոնց մասին ինքը հրապարակային հայտարարել է. «Տարբերակ մեկ՝ մենք սահմանված օրինակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որպեսզի կառավարի՝ կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը՝ եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետեւ այնուամենայնիվ, ընկերությունը վերցնելու համար վճարում պետք է իրականացնենք, եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական միջոցներով, պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք։ Ուզում եմ անկեղծ ասել՝ ինձ համար լավագույն, ցանկալի տարբերակն առաջինն է՝ ՀԷՑ-ի պետականացումն է, բայց այդտեղ ֆինանսական հարց կա։ Այդ դեպքում, մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք, երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը կնվազացնենք։ Եթե նույնիսկ ենթադրենք, կոնսեսիոների հետ խնդիրներ լինեն, այնտեղ հեշտ է, մեր սեփականություն է, մենք ամբողջությամբ լիազորությունները կարող ենք ունենալ»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ այստեղ կարևոր է ընկերության օբյեկտիվ գնի դուրսբերումը, որը, պատկերավոր ասած, օբյեկտիվ օտարման գին կարող էր լինել՝ իհարկե որոշ նրբություններ հաշվի առնելով։

«Այստեղ բոլոր գործոնները ազդում են, օրինակ այն, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ է արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է։ Լիցենզիան ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։

Իհարկե որոշ ժամանակ ունենք հանգիստ մտածելու, կմտածենք, ձեր ներկայացրած տեղեկատվությունն էլ կվերլուծենք, ՀԾԿՀ–ի հետ էլ կխորհրդակցենք, կառավարությունում էլ կխորհրդակցենք և որևէ որոշման կգանք»,– հայտարարեց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930