Նոյեմբերի 24-ին Նիկոսիայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարության մշտական քարտուղար Թեոդորա Կոնստանտինիդուի ղեկավարությամբ կայացել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկումները վերահաստատել են երկու երկրների հանձնառությունը՝ առավել խորացնելու և զարգացնելու երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ զարգացումները՝ ԵՄ խորհրդում Կիպրոսի առաջիկա նախագահության համատեքստում։
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկկողմ հարաբերությունների կարևորագույն ձեռքբերումներից է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը, ինչը նախանշում է համագործակցության նոր փուլ։ Կողմերը սահմանել են համագործակցության խորացման հիմնական ուղղությունները՝ առանձնանշելով գործարար կապերը, կրթությունը և գյուղատնտեսությունը։ Ընդգծվել է բազմակողմ ձևաչափերում համագործակցության կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, բանակցությունների վերսկսմանն ու Կիպրոսի հիմնահարցի լուծմանը` ընդգծելով կառուցողական ներգրավվածության և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու նպատակով միջազգային ջանքերի կարևորությունը` միջազգային իրավունքի լիարժեք պահպանմամբ։





































