Կառավարությունը ՀՀ պետբյուջեի հաշվին շուրջ մեկ մլրդ դրամ է տրամադրել բանկերին անհուսալի վարկեր ունեցող ՀՀ քաղաքացիների վարկային պարտավորությունները մարելու համար:
Նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառված է 19,136 դիմում, իսկ համակարգում հաստատված կարգավիճակ ունի 6786 դիմում։
««Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման շրջանակում 2025 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին ըստ համապատասխան տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության՝ ծախսվել է շուրջ 985 մլն դրամ»,-հայտնել են նախարարությունից:
ՀՀ կենտրոնական բանկից էլ տեղեկացրել են, որ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց քանակը կազմել է 335 հազար մարդ, իսկ վարկային բեռը (մայր գումարի, հաշվեգրած տոկոսների և այլ պարտավորությունների գումարների մնացորդը)՝ 673 մլրդ ՀՀ դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2024թ. հոկտեմբերի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար էր, իսկ վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը:
Ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ Աջակցությունը տրամադրվում է աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և ուղղվում է շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։





































