Հին ու նոր տոնածառի «վեճ», ուռճացված ծախսեր, ուշացած ժամկետներ. ինչպիսի Ամանոր է սպասվում գյումրեցիներին. Hetq.am

Շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել» հայտնի հարցադրումը «հի՞ն, թե՞ նոր տոնածառ» ձևափոխված տարբերակով սեպտեմբեր ամսից քննարկվում էր Գյումրու համայնքապետարանում, և վերջապես` միս ու արյուն ստացած ձևակերպումով, հայտնվեց նոյեմբերի 11-ի՝ քվորումի բացակայության պատճառով ավագանու չկայացած նիստի օրակարգում՝ հօգուտ հին տոնածառի: Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, նոր զարդարանքների ձեռք բերման ու հին զարդարանքների վերանորոգման համար համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պատոնակատար Անդրանիկ Չադրյանը դիմել էր 24 մլն դրամ հատկացնելու նպատակով: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ըստ Անդրանիկ Չադրյանի 2025թ․-ի հոկտեմբերի 30-ի զեկուցագրի՝ պահանջվող 24 մլն դրամից 2 մլն դրամն անհրաժեշտ է հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման, հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 մլն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռք բերման, ձևավորման և տեղադրման համար, 4 մլն դրամը՝ Գյումրի համայնքին պատկանող, արդեն առկա հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար:

Նշված 4 մլն դրամն, ըստ զեկուցագրի, ուղղվելու է Երևանյան խճուղի, Ռուսթավելի, Շիրազի, Հակոբյան, Աբովյան, Ղորղանյան և Վարպետաց փողոցներում հին դեկորների և լույսերի վերանորոգման ու տեղադրման ծառայությանը: Նոր դեկորների և լույսերի ձեռք բերման և տեղադրման ծառայություն համար նախատեսված 18 մլն դրամը ուղղվելու է հետևյալ տարածքներին՝ Վարդանանց հրապարակ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածք, Շահումյան, Գայի, Արագածի փողոցներ, Մուշ-2 թաղամասի հրապարակ, Թատերական հրապարակ, Երևանյան խճուղի, Նժդեհի հրապարակ, Տերյան փողոց, Տերյան-Հաղթանակի պողոտայի խաչմերուկ, Հաղթանակի պողոտա, Ռիժկովի ճեմափողոց, Սայաթ-Նովա փողոց, Հայուհու հրապարակ, Կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի փողոց, Նժդեհի փողոց, 50-ամյակ, Շառլ Ազնավուրի հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց, Մ. Խորենացի փողոց, Պ. Սևակի փողոց, Շիրակացի փողոց, Մայր Հայաստան:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930