Արա՛ Սեդրա՞կ, թե՞ պարոն Թեւոնյան. Արարատի մարզպետը ինքը կորոշի՝ ինչպես է ուզում, որ իրեն դիմեն լրագրողները

Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, որի քաղաքական կենսագրությունը սկսվել է 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նախ պատգամավոր, հետո մարզպետ, յոթ տարվա ընթացքում այդպես էլ չի կարողացել յուրացնել պաշտոնատար անձի հանրային խոսքի տարրական կուլտուրան։ Մարզպետի կարծիքով՝ «արա»–ն այն դիմելաձեւն է, որով կարելի է պատասխանել իր պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնող, իրեն տրամաբանական հարց տվող լրագրողին։

Այսօր Թեւոնյանը շտապում էր Մարզահամերգային համալիր մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած պետծառայողների հավաքին։ Լրագրողները մոտեցան նրան եւ հարցրին՝ ինչպես կվերաբերվի, եթե որոշում կայացվի Արծվաշենը վերադարձնելու դիմաց Տիգրանաշենը Ադրբեջանին տալ։ Մարզպետը ուղիղ չպատասխանեց, խուսափողական պատասխան տվեց։ Այդ կոնտեքստում NEWS.am –ի լրագրողը դիտարկում արեց, որ կար ժամանակ, երբ մարզպետը հստակ բացառում էր Տիգրանաշենը հանձնելու տարբերակը։ Թեւոնյանը, թերեւս չկողմնորոշվելով՝ ինչպես արձագանքել հիշողություն ունեցող լրագրողի՝ իր համար անհարմար դիտարկմանը, ապավինեց փողոցային բառապաշարի օգնությանը. «Արա, գործիդ նայի»։

Անցած տարվա ամռանը, երբ Տիգրանաշենը հանձնելու մասին խոսակցությունները կրկին ակտիվացել էին, նույն լրագրողի՝ Նարեկ Խաչատրյանի հետ զրույցում Թեւոնյանը ասել էր. «Սուտ է… Մենք տուն ունենք այնտեղ, ես ի՞նչ, գնամ՝ հորս 12 միլիոն առաջարկեմ, ասեմ՝ հել տնից գնա՞»։

Իսկ ի՞նչ պետք է հարցներ նույն լրագրողը մեկ տարի անց նույն հարցի վերաբերյալ մարզպետի խրոխտ վստահեցման փոխարեն խուսափողական պատասխան լսելիս։

Մարզպետի փողոցային բառապաշարին լրագրողը նույն ոճով չի պատասխանել՝ գերադասելով պահպանել լրագրողական էթիկան եւ չիջեցնել քաղաքակիրթ շփման սեփական նշաձողը։

NEWS.am–ի խմբագրությունը կառավարությունից պահանջում է պատասխանատու լինել իր նշանակած կադրերի վարքագծի հարցում, եւ հետամուտ լինել, որ մարզպետը հրապարակավ ներողություն խնդրի լրագրողից։

Հակառակ դեպքում NEWS.am–ն իրեն իրավունք է վերապահում այսուհետեւ մարզպետ Թեւոնյանին հրապարակային բոլոր միջոցառումների ժամանակ դիմել բացառապես «արա»–ով՝ հաշվի առնելով, որ դա լիովին ընդունելի բառապաշար է ե՛ւ Թեւոնյանի, ե՛ւ իշխանությունների համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930