Մինչև հունիս Թուրքիան կիրականացնի քայլեր, որոնք ՀՀ իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերում. միջազգայնագետ

Մինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։

Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Տպավորություն է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ընտրել է հետևյալ քաղաքական մոդելը. մի կողմից խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանին, իսկ մյուս կողմից իրականացնել որոշ գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի իշխանությունների վերարտադրությանը 2026թ․ ընտրություններում։

Գործնականում դա ունի հետևյալ տեսքը․ ստեղծել պատրանք կամ ձևավորել կարծիք, թե Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը գրեթե ավարտված գործընթաց է և Հայաստանն առաջիկայում ապաշրջափակվելու է, սակայն միաժամանակ զերծ մնալ այնպիսի կոնկրետ քայլերից, որոնք կարող են իրական օգուտ բերել Հայաստանի ազգային շահերին։ Այլ խոսքով՝ հստակ տարանջատված են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի իշխանությունների շահերը։

Հետևաբար մինչև հունիս Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի շարք քայլեր, որոնք Հայաստանի իշխանությունները կներկայացնեն որպես կարևոր ձեռքբերումներ, սակայն դրանք իրականում կլինեն իմիտացիոն կամ PR բնույթի։ Օրինակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ սահմանների բացման մասին որոշ փաստաթղթերի նախաստորագրում, երրորդ երկրների քաղաքացիների կամ բեռների համար սահմանային որոշ արգելքների մեղմացում, ևս մեկ ավիաընկերության մուտք հայկական ավիացիոն շուկա, ժամանակակից Թուրքիայի որոշ քաղաքներում հայկական եկեղեցիների վերականգնում և այլն։

Ֆիդանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում, ինչը նշանակում է, որ իրական առաջընթաց կարող է լինել միայն Հայաստանում սպասվող ընտրություններից և հանրաքվեից հետո։ Ընտրություններից հետո իշխանության բարձր լեգիտիմությունը Թուրքիայի համար չափազանց կարևոր է՝ օրակարգը առաջ մղելու տեսանկյունից։

Միևնույն ժամանակ նման աջակցությունը Հայաստանի իշխանություններին փաստացի դնում է կախվածության մեջ Թուրքիայից, ինչը ևս, դատելով քայլերից, հաշվարկված ռազմավարության մասն է»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930