Հայաստանը Ղազախստանի համար հուսալի և վստահելի գործընկեր է, և մեր հարաբերությունները հիմնված եմ փոխադարձ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Այդ մասին Ղազախստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստաթղթերի փոխանակումից հետո հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ նշելով, որ բարձր է գնահատում այսօրվա բովանդակալից բանակցությունների արդյունքները:
«Հայաստանի և հայ ժողովրդի համար Ղազախստանը միշտ սերտ և մոտ երկիր է եղել, և մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը և ավանդույթները: Այդ արժեքները հիմք են, որոնց վրա մենք կառուցում ենք մեր բազմակողմանի համագործակցությունը: Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը»,- ասել է նա:
Ըստ Տոկաևի՝ անցած տարի իր պաշտոնական այցը Հայաստան, դրա արդյունքները և այսօրվա այցի շրջանակում բանակցությունների արդյունքները վկայում են այդ հարաբերությունների մասին:
«Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն: Դրա շրջանակում մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել, և այցի շրջանակներում է՛լ ավելի են լավարկվել երկու երկրների միջև հարաբերությունները: Նոր ճանապարհներ են բացվել, նոր փուլեր են բացվել համագործակցության համար:
Այդ կապակցությամբ թույլ տվեք ընդգծել մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի դերակատարումը հանուն Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման»,- ասել է նա:






































