ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել Սուդանում հակամարտությունը դադարեցնելու ջանքերը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի խնդրանքով։
«Ձերդ Մեծությունը կցանկանար, որ ես վճռական գործողություններ ձեռնարկեմ Սուդանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ [Անձամբ] միջամտելը իմ մտադրությունը չէր. ես կարծում էի, որ դա ինչ-որ խելագարություն է, որը դուրս է եկել վերահսկողությունից։ Բայց ես հասկանում եմ, թե որքան կարևոր է դա ձեր համար, ուստի մենք կանդրադառնանք Սուդանի հարցին», -չորեքշաբթի օրը ասել է Թրամփը՝ դիմելով թագաժառանգին։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն անձամբ և մանրամասնորեն բացատրել է իրեն Սուդանում տեղի ունեցողի էությունը։ Թրամփը նշել է, որ այդ զրույցը թույլ է տվել իրեն գիտակցել իրադարձությունների մասշտաբն այդ երկրում։ Նա նաև մատնանշել է, որ ԱՄՆ-ը կաշխատի Սուդանում հակամարտության դադարեցման ուղղությամբ՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ համագորակցությամբ։
Սուդանում իրավիճակը սրվել է 2023 թվականի ապրիլին՝ Գերագույն խորհրդի նախագահ, բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի և «Արագ արձագանքման ուժեր» շարժման ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Խարթումում սկսված բախումներն արագորեն տարածվել են երկրի մյուս շրջաններում։ Հակամարտության հետևանքով, փորձագետների գնահատմամբ, զոհվել է առնվազն 40 հազար մարդ, մոտ 12 միլիոն սուդանցի ստիպված է եղել լքել իրենց տները, որոնցից շատերը հայտնվել են սովի շեմին։ Ներկայումս ամենաբարդ իրավիճակը Դարֆուրի և Կորդոֆանի շրջաններում է, որոնք հիմնականում վերահսկվում են Արագ արձագանքման ուժերի կողմից։






































