Հայաստանից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների դեպի 3–րդ երկրներ արտահանման համար կսահմանվի լիցենզիա։ Այդ մասին կառավարությունը որոշում կայացրեց իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում։
Լիցենզավորման ժամկետը 2026 թ. հունվարի 3-ից մինչև 2026 թ. հուլիսի 3-ն է։
«Այս գործընթացն իրականացվում է 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս)»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Լիցենզիայի մեջ կնշվի արտահանվող ապրանքի ընդհանուր քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։
Որոշման մեջ նշվում է նաև, որ այս ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ` առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը դիմելու։






































