Վերահաշվարկի արդյունքում Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեների փոփոխություն չի արձանագրվել:
ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնում են, որ մեկ տեղամասում 2-ով պակասել են ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման կտրոնների և հետևաբար ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թվերը և անճշտությունների չափը, 3 տեղամասում ընդհանուր թվով 8-ով պակասել է անվավեր քվեաթերթիկների թիվը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։






































