Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Դատավորը 100-ից 100 կատարեց «Հայական ժամանակ»-ի կանխատեսումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել։ Սա պարզապես անլրջություն է»,-ասաց Վարդևանյանը։
Փաստաբանն ասաց, որ ինքն ու գործընկերներն այսօրվա նիստում ներկայացրել են «Հայկական ժամանակ» թերթի երեկվա հրապարակումը, ինչին ի պատասխան դատավորը վրդովմունք է հայտնել. «Իբր ում տեղն ենք դրել իրեն, ոնց թե ինքը պետք է առաջնորդվի լրատվամիջոցի կանխատեսումներով։ Ինչպես այս տարբա հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիրոեն կանխորոշեց իրավապահների գործողությունները, այնպես էլ այս դեպքում «Հայկական ժամանակ»-ը կանխորորոշեց դատարանի որոշումը»։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, դրանից հետո ևս մեկ ամսով երկարացվել է նրա կալանքը։
Ավելի ուշ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):






































