Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցեց «Հայրենիք» կուսակցությանը և մեր համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա միևնույն ժամանակ կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:
Մենք չունենք ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ հիասթափվելու։
Իմ կարծիքով հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:
Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։
Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է:
Այնուամենայնիվ,
Շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար»։
Հիշեցնենք, որ նախօրեին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մասնակցել է 8 ուժ, որոնցից ըստ ԿԸՀ–ի նախնական տվյալների, նվազագույն շեմը հաղթահարել են երեքը՝ ՔՊ–ն, «Հաղթանակ» դաշինքը և «Մայր Հայաստան» կուսակցությունը։
Ըստ նախնական տվյալների՝ ավագանու 33 տեղերը բաշխվում են հետեւևյալ կերպ.
ՔՊ – 19 մանդատ,
«Հաղթանակ» դաշինք – 12 մանդատ,
«Մայր Հայաստան» – 2 մանդատ։
Սա նշանակում է, որ ՔՊ–ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։






































