Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Կոլումբիան շվեդական ռազմական ինքնաթիռներ է ձեռք բերելու, որը համաձայնեցվել է Saab ընկերության հետ կնքված 4,3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում, հաղորդում է AFP-ն։
Դեռ ապրիլին կառավարությունը հայտարարել էր, որ Saab-ից կործանիչներ կգնի, բայց չէր նշել, թե քանի կործանիչ և որքան գումարով։ Պետրոն ուրբաթ օրը ռազմաբազայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հստակեցրել է, որ Կոլումբիան 17 հատ Gripen կործանիչ կգնի։
Պետրոն ասել է, որ նոր ինքնաթիռը կօգտագործվի «Կոլումբիայի դեմ ագրեսիան կանխելու համար, անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս»։ «Աշխարհաքաղաքական առումով բարդ աշխարհում, նման ագրեսիան կարող է գալ ցանկացած վայրից», — ասել է երկրի նախագահը։
Կոլումբիան և Լատինական Ամերիկայի մեծ մասը լարվածության մեջ են՝ Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութեր տեղափոխող ենթադրյալ նավերի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի պատճառով։ Պետրոն վիրավորանքներ է փոխանակել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և հայտարարել, որ ԱՄՆ զորքերի տեղակայման վերջնական նպատակը Վենեսուելայի նավթային հարստությունները զավթելն ու Լատինական Ամերիկան ապակայունացնելն է։






































