Նոյեմբերի 12-ից Երևանում մեկնարկել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025թ․ ընդլայնված եռօրյա համատեղ նիստը, որը ENFSI-ի մշտական ներկայացուցիչ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.դ. Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ և ENFSI-ի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի որոշմամբ առաջին անգամ անցկացվում է Հայաստանում՝ ENFSI լիիրավ անդամ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ։
Եվրոպական միության առաջատար դատափորձագիտական կազմակերպությունները միավորող հեղինակավոր կառույցի 30-րդ հոբելյանական համատեղ նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի և քարտուղարության անդամներ, մշտական հանձնաժողովների նախագահներ, ENFSI-ի փորձագիտական աշխատանքային խմբերի (EWG) ղեկավարներ, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Խորվաթիայից, Հունաստանից, Լեհաստանից և եվրոպական այլ երկրներից։
Նոյեմբերի 13-ին կայացած ընդլայնված նիստին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Բյուրոյի տնօրեն, ENFSI մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։
Բյուրոյի տնօրենը շնորհակալություն հայտնեց Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի անդամներին՝ իր հրավերի համաձայն 2025 թվականի ընդլայնված համատեղ նիստը ՀՀ-ում անցկացնելու որոշման համար։
«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ENFSI-ի համար 30-րդ հոբելյանական տարում ընդլայնված համատեղ նիստն առաջին անգամ անցկացնել մեր երկրում։ Այս կարևոր միջոցառումը միտված է ամփոփելու նախորդ ժամանակաշրջանում գրանցված ձեռքբերումները, արձանագրելու առկա խնդիրներն ու նախանշելու զարգացման հեռանկարները, ինչպես նաև այդ կարևոր աշխատանքի կատարման համար համախմբելու բոլորիս ներուժը։
ENFSI համայնքի բոլոր անդամների, այդ թվում՝ մեզ համար, չափազանց կարևոր է նման միջոցառումների արդյունավետ իրականացումը՝ որպես դատափորձագիտական ոլորտի զարգացման լավագույն երաշխիք և կարևոր հարթակ՝ փորձի հավաքագրման, լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև միատեսակ և հավաստի արդյունքներ երաշխավորող փորձագիտական մոտեցումների տարածման համար։
Նման հանդիպումները լավ առիթ են բոլորիս «ժամացույցների ցույց տված ժամանակի համեմատման» և միևնույն ժամանակագրությամբ ճշգրիտ շարժվելու համար։ Ինչպես գիտենք՝ գիտությունը սահմաններ չի ճանաչում. մեր աշխատանքի հենքը գիտական ձեռքբերումներն են և դրանց արդյունավետ կիրառումը դատափորձագիտական ոլորտի տարբեր ուղղություններում։
Մենք իրականացնում ենք դժվարին, սակայն յուրաքանչյուր իրավական պետության համար չափազանց կարևոր գործառույթ, ինչը, վստահաբար, կարող է առավել արդյունավետ կատարվել բացառապես միասնականության և ոլորտի զարգացմանն ուղղված առաջընթացի ապահովման միջոցով։ Վստահաբար կարող ենք փաստել, որ ENFSI-ն հանդիսանում է հենց այդ հարթակը։ Ուստի, սրտանց ողջունում եմ բոլոր գործընկերներին, հատկապես՝ այստեղ ներկաներին, ովքեր իրենց նշանակալի ջանքերն ու եռանդն են ներդնում այս կարևոր գործի արդյունավետ իրականացման գործում»,- իր ելույթում նշեց Արգամ Հովսեփյանը՝ մասնակիցներին մաղթելով բովանդակալից քննարկումներ, արդյունավետ աշխատանք, ինչպես նաև նոր գիտական ու կիրառական ուղղությունների ձևավորում, որոնք կնպաստեն դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, գիտահետազոտական համագործակցության ընդլայնմանը և արդիական տեխնոլոգիաների ու մեթոդաբանությունների ներդրմանը ոլորտում։
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի Խորհրդի նախագահ Ագնեշկա Լուկոմսկան իր հերթին բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենին՝ միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման, ջերմ հյուրընկալության, ինչպես նաև Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու հնարավորության ընձեռման համար։
«Շատ ուրախ ենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ENFSI լիիրավ անդամ է, և մեզ համար մեծ պատիվ է ENFSI ընդլայնված համատեղ նիստը Հայաստանում անցկացնելը։ Այս միջոցառումը հնարավորություն է, որպեսզի եվրոպական դատափորձագիտական համայնքի ներկայացուցիչները փոխանակվեն իրենց փորձագիտական և գիտական փորձով, նոր մեթոդներով ու մեթոդիկաներով, որոնք ներդրվում են կազմակերպությունների կողմից և, կիրառվելով ամենօրյա գործնական աշխատանքում, դառնում են փորձագետների աշխատանքի անփոխարինելի մասը։
Շնորհակալություն ոչ միայն ENFSI շրջանակներում ձևավորված համագործակցության, այլև ջերմ բարեկամական կապերի համար, որոնք ENFSI-ի հաջողության գրավականն են»,- նշեց ENFSI-ի նախագահը։
Ընդլայնված նիստի շրջանակներում կամփոփվեն նախորդ տարում ENFSI-ի Խորհրդի, աշխատանքային խմբերի (WG) և համակարգող կոմիտեների (SC Chairs) կատարած աշխատանքները, կներկայացվի Խորհրդի նոր անդամը, աշխատանքային խմբերի նոր նախագահները, կհրապարակվեն ENFSI-ի տարեկան հաշվետվությունն ու Խորհրդի զեկույցը, կքննարկվի ENFSI-ի 2025–2026 թթ․ գործողությունների պլանը, ինչպես նաև կնախանշվեն ոլորտի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները։
Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը, ակտիվորեն ներգրավված է ENFSI աշխատանքային խմբերում, այդ թվում՝ հետազոտական աշխատանքներում և տվյալների բազաների ձևավորման գործընթացում։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի շարունակական զարգացմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, ըստ այդմ նպաստելով արդարադատության արդյունավետ իրականացմանը մեր երկրում։






































