Գաղտնալսումներ ոչ միայն անում է ԱԱԾ-ն, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որը ԱԱԾ տնօրեն էր: Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե գաղտնալսումները երբեմն արվում են առանց օրենքները պահպանելու:
«Երբ պարոն Վանեցյանն այլևս ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրեն հարց եմ տվել: Ինքը ասաց, որ մենք բացահայտել ենք: Ես ասել եմ՝ էդ դեպքում ասա՛ անունը՝ ո՞վ է արել, կամ որտեղից են արել: Ինչ-որ սխեմաներ ասեցին՝ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր: Պարոն Վանեցյանին Գլխավոր դատախազությունը պետք է ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց ձեզ տեղեկություն, թե ձեզ ով է գաղտնալսել, որովհետև գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, նշանակում է գաղտնալսել պետական բոլոր կառույցներին՝ փակ և բաց, որն անթույլատրելի է օտարների կողմից:
Ինչ վերաբերում է գաղտնալսված նյութերը շրջանառության մեջ լինելուն, կարծում եմ, որ մեր համապատասխան կառույցները պետք է ոչ միայն ուսումնասիրեն, այլև բացահայտեն: Եթե գաղտնալսումը արվել է ՀՀ պատկան մարմինների կողմից, ապա նա ո՞նց կարող է իր գաղտնիության տիրույթից դուրս գալ: Եվ այդ բացահայտումը շատ կարևոր է, որպեսզի այդ գայթակղությունը՝ սկսած շարքային գաղտնալսողից, վերջացրած որոշում կայացնողով, այդ հնարավորությունից զրկված լիներ, որովհետև այդ տեխնիկական միջոցների վրա նաև մարդիկ են աշխատում: Այդ մարդկանց լսածն ի վիճակի են… որ ինչ-որ ձայնագրություններ իրենք անեն և օգտագործեն այլ նպատակով:
Այ դրա բացահայտումը շատ կարևոր է մեր երկրի ներսում անվստահության հարցերի շուրջ մթնոլորտը փոխելու համար»,- ասաց նա:






































