Երեկ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել էր, որ չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Մենք գրել էինք, որ դա մասնավոր այց է եւ ոչ մի կապ չունի իշխանությունների հետ, թեեւ հանդիպումներ նախատեսված էին։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Մեր աղբյուրը պնդում է, որ ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:
Հիշեցնենք, օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ավագ որդին Դոնալդ Թրամփ կրտսերը այցելելու է Հայաստան: Այցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին պետք է մասնակցեր նաև, այսպես կոչված, աղոթքի նախաճաշին, որը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եւ որի ընթացքում էլ նախատեսված էր Թրամփ կրտսերի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ:





































