ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ․ Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը. Սուրենյանց

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։
Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։
Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։
Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։
Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։
Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը:
ՀԷՑ-ի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր դոլարներով։
Եթե պետությունը որոշի այն վերահսկել կամ «վերագնահատել», ֆինանսական բեռը անխուսափելիորեն կընկնի բյուջեի վրա՝ առաջացնելով նոր պարտավորություններ և սակագնային ճնշումներ։

Արդյունքում՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դառնում է գրեթե անխուսափելի։
Այս արկածախնդրությունը բերելու է նաև արտաքին ռիսկեր:

ՀԷՑ-ի սեփականատերը օտարերկրյա ներդրող է, և այս միջամտությունը գրեթե անպայմանորեն կհանգեցնի միջազգային արբիտրաժային գործընթացի։

Նման վեճը ոչ միայն վնաս կհասցնի Հայաստանի ներդրումային հեղինակությանը, այլև կխաթարի վստահությունը մեր տնտեսության նկատմամբ։
Գործող իշխանությունը փաստացի պետությունը դարձրել է սեփականության վերաբաշխման գործիք։
Այն, ինչ ներկայացվում է որպես «հանրային շահի պաշտպանություն», իրականում վերածվում է քաղաքական հաշվեհարդարի՝ տնտեսական պատրվակով»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930