Օտտավայում ՀՀ դեսպանատանը նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Ստեֆան Բերժերոնի՝ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու նպատակով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
«Շնորհավորելով Ս. Բերժերոնին՝ ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ մեդալը խորհրդանշում է հայ ժողովրդի խորին երախտագիտությունը կանադացի պատգամավորի բարեկամության և խորհրդարանական գործակցության խորացման գործում ունեցած ջանքերի համար, ինչպես նաև հանդիսանում է միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հաստատման գործում ստանձնած նրա օրինակելի առաջնորդության գրավականը։
«Քվեբեկյան բլոկ» կուսակցության անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ կուսակցության նախկին նախագահ Ժիլ Դյուսեպը։ Ելույթներ ունեցան նաև Կանադայում Իսպանիայի և Հորդանանի դեսպանները։ Բոլորն առանձնահատուկ երախտագիտությամբ խոսեցին Ս. Բերժերոնի մասնագիտական և մարդկային բարձր որակների մասին։
Ս. Բերժերոնն ընդգծեց, որ մեծ երախտագիտությամբ է ընդունում ՀՀ ԱԺ պատվո մեդալը։ Կանադացի գործիչը նշեց, որ իր ջանքերը մշտապես ուղղված են եղել հայ ժողովրդի իրավունքների արդարացի պաշտպանությանը և ՀՀ ժողովրդավարության ամրապնդմանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը ջերմ ընդունելություն կազմակերպելու համար։
Միջոցառմանը ներկա էին կանադացի սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դեսպաններ, Կանադայի ԱԳ նախարարության Արարողակարգի ծառայության պետը, հասարակական գործիչներ, ինչպես նաև Ս. Բերժերոնի ընտանիքի անդամներ ու մտերիմներ։
Հիշեցնենք, որ մեդալը շնորհվել էր 2025 թ. մարտին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում Ս. Բերժերոնի ներդրած նշանակալի ավանդի համար։ Վերջինս եղել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հարցերով մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահը, «Քվեբեկյան բլոկ» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով նախկին պատասխանատուն, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախկին փոխնախագահը»,- ասված է հաղորդագրությունում։






































