ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին։ Այս մասին հայտնում է Риа Новости-ն։
Նախագահը լուրջ հարց է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Անվտանգության խորհուրդը վերլուծել է ԱՄՆ իշխող շրջանակներում արված հայտարարությունները։
Պուտինը նաև հայտարարել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կողմերը որոշեն անցկացնել միջուկային փորձարկումներ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի պլանավորում դուրս գալ պայմանագրից։





































