ՀԷՑ-ի ու բոլոր մյուս գործերով ՀՀ-ն լիովին կատարում է իր միջազգային պարտականությունները. Անդրեասյան

Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր բոլոր միջազգային պարտավորությունները բոլոր արբիտրաժային վեճերով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԷՑ–ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման ենթակա՞ էր, թե ոչ, հատկապես, որ Լիպարիտ Դրմենյանը դրա վերաբերյալ իր կարծիքի պատճառով ազատվեց աշխատանքից։

«Որևէ մանրամասն որևէ արբիտրաժային վեճերի մասին ձեզ չենք կարող հայտնել, ոչ թե, որովհետև ես թաքցնում եմ, այլ դա արգելված է արբիտրաժային կանոններով։

Այս հրապարակային քննարկումը ինքնին վնասում է Հայաստանի շահերին այն արբիտրաժային ատյաններում, որտեղ մենք պայքարում ենք մեր բոլորի շահերը պաշտպանելու համար։ Հայաստանը լիարժեք կատարում է իր բոլոր իրավական պարտավորությունները, բոլոր արբիտրաժների և բոլոր ատյանների հետ կապված։ Մնացածը, երբ որ կլինեն արբիտրաժային վերջնական վճիռները, դուք կտեսնեք, թե Հայաստանը կատարե՞լ, թե՞ չի կատարել իր պարտավորությունները։

ՀԷՑ–ի և մնացած բոլոր գործերով Հայաստանը լիովին կատարում է իր միջազգային պարտավորությունները, այլ մանրամասներ այս պահին թույլ տվեք չասել։

Այն ինչ կատարվում է և այն ինչ կատարվել է, եղել է լիարժեք արբիտրաժային կանոնների և բոլոր միջազգային մեր պարտավորությունների շրջանակներում։ Այլ մանրամասներ, թե ինչ է միջանկյալ որոշումը, ինչ է այն նախատեսում, ինչպես պետք է կատարվի և որքանով է կատարվել, այդ ամենը ներկայացվում է արբիտրաժային տրիբունալին և ոչ թե հայ կամ որևէ այլ հանրությանը։ Դա օրենսդրական պահանջ է։

Եթե մենք բոլորս մտահոգ ենք, որ Հայաստանը չհայտնվի մեծ տուգանքների, մեծ գումարների, մեծ պատիժների, սանկցիաների տակ, խնդրում եմ չխոչընդոտել իմ աշխատանքը, որը միտված է պաշտպանել բոլորիս երեխաների գումարները»,– ընդգծեց Կարեն Անդրեասյանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է երկրի վարչապետը շտապում ու գնահատականներ տալիս, նա արձագանքեց. «Ես նույնիսկ կհրաժարվեմ պետության ղեկավարի, տվյալ դեպքում իմ ղեկավարի խոսքը մեկնաբանել, որովհետև իմ որպես ներկայացուցչի խոսքը արբիտրաժային գործընթացներում մեկ հնարավորություն կարող է ստեղծել, քաղաքական գործիչների խոսքը այլ հնարավորություն»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930