Սուդանում երկու օրվա ընթացքում 300 կին է սպանվել

Էլ-Ֆաշեր քաղաքում (Սուդանի արևմտյան հատված, Հյուսիսային Դարֆուր նահանգ) վերջին օրերին տեղի են ունեցել կանանց զանգվածային սպանություններ, որոնք երկրում շարունակվող հակամարտության ամենաարյունալի դրվագներից են, հաղորդում է Arabi Today-ը։

Սուդանի սոցիալական ապահովության նախարարության տվյալներով՝ քաղաքի` «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման կողմից գրավումից հետո առաջին երկու օրվա ընթացքում սպանվել է առնվազն 300 կին։
Սուդանի Սոցիալական ապահովության նախարար Սալիմա Իսհակը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ կանայք ենթարկվել են բռնաբարության, խոշտանգումների և ֆիզիկական բռնության:

«Յուրաքանչյուրն, ով փորձում է լքել Էլ-Ֆաշերը և հասնել Թավիլա քաղաք, վտանգում է իր կյանքը, քանի որ դրանց միջև ընկած ճանապարհը վերածվել է մահվան ճանապարհի», — ասել է նախարարը:

Իսհակը շեշտել է, որ Էլ-Ֆաշերում շարունակում են մնալ ընտանիքներ, որչոնք ենթարկվում են ծեծի, նվաստացման և սեռական բռնության՝ անվանելով տեղի ունեցողը համակարգված էթնիկ զտում և հսկայական հանցագործություն, որին աշխարհը լուռ հետևում է։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին, Սուդանի կառավարությունը պաշտոնական զեկույց էր ուղարկել Ժնևում գտնվող ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ և այլ միջազգային գործակալություններ՝ Էլ-Ֆաշերում «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման կողմից կատարված սարսափելի հանցագործությունների և խախտումների մասին։
Հոկտեմբերի 29-ին «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման հրամանատար Մոհամմեդ Համդան Դագլոն (Համիդտի) խոստովանել է, որ իր ուժերը չարաշահել են իրենց լիազորությունները՝ հայտարարելով ներքին հետաքննչական հանձնաժողովների ստեղծման մասին։

Սուդանը 2023 թվականի ապրիլից ի վեր գտնվում է ազգային բանակի և «Արագ արձագանքման ուժեր» զինված խմբավորման միջև զինված հակամարտության մեջ։ Պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր մարդ մահացել է և մոտ 13 միլիոն մարդ՝ տեղահանվել։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930