Մենք պետք է դուրս գանք այն ընկալումից, թե դպրոցը կառուցելուց հետո բնական է, որ այն պետք է մաշվի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթության դերակատարությունը երկրի զարգացման և պետական խնդիրների լուծման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի միջնակարգ դպրոցի բացման արարողության ժամանակ։

«Ինչքան մենք ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների բոլոր լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են»,-ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ դպրոցաշինությունը ևս կրթական գործընթացի մաս է։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին իրականացված լայնածավալ շինարարական ծրագրերի շնորհիվ պետական բյուջեի միջոցներով կառուցվող նոր դպրոցներն աստիճանաբար դառնում են ժամանակակից կրթական միջավայրի օրինակ։

«Մենք հսկայական ճանապարհ ենք անցել՝ սովորելու, թե ինչ պետք է անի կառավարությունը դպրոցաշինությունում ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար։ Սակայն պետք է նաև ավելի խիստ լինենք ինքներս մեր նկատմամբ՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի՝ ամեն պատի, գույնի, բռնակի, մեխի վրա»,-նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինարարական որակի նկատմամբ վերահսկողության բարձր մակարդակը և ընդգծել, որ նորակառույց դպրոցները պետք է երկար տարիներ պահպանեն ներկայիս տեսքը՝ առանց մաշվածության։

«Մենք պետք է դուրս գանք այն ընկալումից, թե դպրոցը կառուցելուց հետո բնական է, որ այն պետք է մաշվի։ Ո՛չ, տասը տարի անց էլ այն պետք է այս տեսքով մնա՝ թե՛ արտաքին, թե՛ բովանդակային առումով»,-նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետը շեշտել է նաև, որ դպրոցաշինությունը պետք է դիտարկել որպես կառավարման և ինդուստրիալիզացիայի կարևոր ուղղություն։

«Մենք խոսում ենք շինարարության ինդուստրիալիզացիայի մասին, որովհետև որքան շատ աշխատանք կատարվի ինդուստրիալ հոսքագծով, այնքան կկրճատվի ժամկետը և կբարձրանա որակը»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով կրթական արժեքներին՝ վարչապետը նշել է, որ պետական նոր դպրոցները պետք է դառնան օրինակելի կառույցներ՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ կրթական բովանդակության առումով։

«Այս դպրոցը մեզնից յուրաքանչյուրի բնակարանից ավելի կարևոր է, որովհետև այս հարկի ներքո է որոշվում ամեն ինչ՝ երեխաների ապագան, նրանց կյանքի ընթացքը։ Մեր ուղերձը բոլորին նույնն է՝ լավ սովորիր, որ լավ ապրես»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է ներդրումներ կատարել կրթական համակարգում՝ միաժամանակ ներդնելով շենքերի և գույքի պահպանման արդյունավետ մոդելներ։

«Այս դպրոցը մեկ կամ հինգ տարվա համար չէ։ Որքան լավ կառավարենք գույքը, այնքան երկար այն կծառայի։ Մենք պետք է երաշխիքային սպասարկման մշակույթ մտցնենք դպրոցների կառավարման մեջ», -հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031