Ովքեր նեղվել են, թե «Հայաստան» դաշինքն ու «Մեր ձևովն» ավելի բարձր վարկանիշ ունեն, թող խոսեն, տեսնենք. Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանը ամեն հաջորդ ասուլիսին շատ ավելի պատրաստված, շատ ավելի ամբողջական տեսակետներ է հայտնում, և շատ ռեալ տեսակետներ։ Այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ինչ վերաբերում է TRIPP-ի հետ կապված Քոչարյանի ոչ թե առաջարկին, այլ ինչ էր հնարավոր անել, որ Ադրբեջանը չհամաձայնվի և մենք կարողանանք այդ ճանապարհը կառուցել մեր միջոցներով, շատ պրագմատիկ, շատ տրամաբանական առաջարկություն էր: Քոչարյանը չի ասել, որ մենք պիտի պնդեինք ճանապարհը միջանցքը երկարացնեինք, ասել է, որ մենք պիտի կարողանայինք հակաքայլ առաջարկել, մեր մոտեցումները ներկայացնել ինչին բնականաբար Ալիևը չէր համաձայնվի և մենք շահած դուրս կգայինք։ Այդ պարագայում, մենք կկառուցեինք այդ ճանապարհը, և դա այն միակ հատվածն է մեր հանրապետության, որը կարող էր իսկապես ինչ-որ շահավետ բան լինել մեզ համար։ Նաև շատ հանգամանորեն ներկայացրել է, թե ինչ կարժենար այդ ճանապարհը մեր կողմից կառուցելը»,–ասաց նա։

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Աղվան Վարդանյանն ասաց. «Պարոն Քոչարյանը շատ հանգիստ ասել է որ առայժմ ձևաչափերի, հնարավոր դաշինքների մասին խոսակցություն մենք չենք անում, կանենք անհրաժեշտ ժամանակին։ Կարծեմ ժամանակն էլ է նշել՝ հունվար, փետրվար ամիսներին։ Բնական է, որ այդ քննարկումները ընթանում են, բայց շատ բան կախված է նաև քաղաքական դաշտի մյուս խաղացողների հարաբերություններից, քննարկումներից, բանակցություններից։

Ընդամենը վերջերս էր, որ Կարապետյանների ընտանիքը Սամվել Կարապետյանի կալանավորման հայտնի խայտառակ որոշումից հետո որոշում է կայացվել մտնել քաղաքական դաշտ, և այս առումով լրիվ նոր իրավիճակ է ստեղծվել քաղաքական դաշտում։ Այնպես որ ժամանակ կա ձևաչափի հնարավոր համաձայնությունների առումով։

Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը շատ պրագմատիկ առաջարկություն էր անում, քանի որ այսօր և բոլոր սոցհարցումները դա էին ցույց տալիս, որ երկու հիմնական ընդդիմադիր ուժերը «Հայաստան» դաշինքն է՝ Քոչարյանի գլխավորությամբ և Կարապետյանների ստեղծելիք թիմը, շատ կարևոր է, որ մյուս խաղացողները ևս կողմնորոշվեն։ Իմ կարծիքով, շատ լավ կլինի, եթե 1-2, նույնիսկ երեք ընդդիմադիր ուժեր այնպիսի համախմբում ձևավորեն, որ կարողանան հաղթահարել շեմը։

Ակնհայտ է, որ այսօր որևէ առանձին քաղաքական ուժ ի վիճակի չի միայնակ հաղթահարել 50+1–ը։ Շատ բան իհարկե կախված է Կարապետյանների հետագա կազմակերպված աշխատանքից, գործողություններից։ Բայց երկու-երեք, չորս ուժերի համադրությամբ հնարավոր է 2-2,5 անգամ ավելի ձայն հավաքել, քան քան ՔՊ-ական փոքրիկ խմբակը»։

Դիտարկմանը, որ ընդդիմադիր դաշտում քննադատվեց Քոչարյանի այդ հայտարարությունը, որ ԱԺ անցնելու ռեալ շանս ունեն հենց այս երկու ընդդիմադիր ուժերը, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Ովքե՞ր են այդ ընդդիմադիրները, եթե կա քաղաքական ուժ, որը նեղվել է և կարծում է, որ ինքը այսօր ավելի բարձր ռեյտինգ ունի, քան այս երկու ուժերը, թող խոսի, անուններ տվեք, օդի մեջ խոսելով որևէ բան չի լինի։

Մենք միայն ուրախ կլինենք, եթե ընդդիմադիր դաշտում ձևավորվեն երկու-երեք այնպիսի համախմբումներ, այնպիսի թիմեր, որոնք կարողանան մրցակցել, թեկուզ մեզ հետ, Կարապետյանների հետ և կարողանան հաղթահարել ընտրությունների ժամանակ ընտրական շեմը։

Ես ուրախ կլինեի, որ այդ թիմերից յուրաքանչյուրը բացահայտ հայտարարեր, որ որևէ կերպ չի համագործակցելու այս իշխանության հետ։ Իրենց ընդդիմություն համարողները թող այսօրվանից սկսեն հայտարարել, որ որևէ պարագայում չեն համագործակցելու, չեն միանալու փոքրամասնություն կազմող ՔՊ-ի հետ։ Արդեն ընտրություններից առաջ, այդ խնդիրը դրվելու է։ Մեր քաղաքացիները պիտի հասկանան, ում հետ գործ ունեն։ Դա ջրբաժան է լինելու, որ հասարակությունը հասկանա՝ ով է իրական ընդդիմադիրը։ Հասարակությունը պիտի իմանա, որ եթե քեզ ձայն եմ տալիս, դու վաղը հնարավո՞ր է միանաս Նիկոլ Փաշինյանին»։

Խոսելով մյուս ընդդիմադիր ուժերի մասին, նա ասաց. «Արման Թաթոյանը հայտ է ներկայացրել, կտեսնենք ինչպես կաշխատի, ինչ թիմ կունենա և հաջողություն եմ մաղթում։ Պարոն Ծառուկյանը ունի շատ որոշակի վարկանիշ, ունի ձևավորվող «առաջարկ Հայաստանին» և թիմը կձևավորի, կաշխատի, ՀԱԿ-ը ինչ-որ բանակցությունների մեջ է տարբեր կողմերի հետ, Հայկ Մարությանը կա։ Կտեսնենք, ով ինչպես կդրսևորի իրեն։

Կա մի փոքր զանգված, որը ինչ էլ անես, այս ուրացողներին, դավաճաններին քվե է տալու, բայց մնացած դաշտը պիտի փակել։

Ինչքան մեծ լինի ընտրություններին մասնակցողների թիվը, ոչ թե լինի 30-40%, այլ 60-65%, այնքան ավելի կբացառվի սրանց վերարտադրությունը, որը կդառնա Հայաստանի վերջը»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031