Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արձագանքել է Գյումրու համայնքապետարանի՝ Լազոյի փողոցը սարքելը անիմաստ ծախս, փողերի վատնում համարելու հայտարարությանը:
«Ցավում ենք, որ գյումրեցիների անունից հանդես եկող մտահոգ պաշտոնյաներն իրենց պարտականությունները կատարելը համարում են անիմաստ ծախս, փողերի վատնում։
Այո, Կառավարությունն իր վրա է վերցրել Լազոյի փողոցի հիմնանորոգումը՝ թույլ չտալու համար փնթի, կիսատ-պռատ նոր կարկատանների իրականացումը, որը համայնքապետարանն անվանում է փոսային նորոգում: Միայն թե Կառավարությունն այդ որոշումը կայացրել է ավելի ուշ, քան համայնքապետարանը սկսել է փողոցի քանդումը:
Եթե ինչ-որ շինկազմակերպություն համայնքապետարանի հանձնարարականով 3 ամիս առաջ փորել է ամբողջ փողոցը, ինչ մեղք ունեն այդ հարցում տարածքի բնակիչներն ու դպրոց հաճախող երեխաները, որոնց համար Գյումրու համայնքապետարանը քիչ թե շատ քայլելու ճանապարհ ապահովելը համարում է անիմաստ ծախս:
Իսկ գուցե փողերի վատնումը Մայակովսկի փողոցի շատ արագ նորոգումն էր և մայթերի կառուցումը, ինչը երջանիկ պատահականությամբ համընկել է համայնքի ղեկավարի բնակության վայրի հետ։
Պահանջում ենք հրապարակավ հայտարարել, թե Լազոյի փողոցի փոսանորոգման աշխատանքների համար երբ է հայտարարվել մրցույթ, որ կազմակերպությունն է հաղթել այն և փոսերի փորման աշխատանքների համար ինչքան գումար է վճարվել: Հրապարակեք նաև պայմանագիրը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ պայմանավորվածություն է առկա եղել՝ քանդել, փոսային նորոգում անե՞լ, թե՞ քանդել, թողնել ու հեռանալ»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ: