Այս գիշեր վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Աբովյանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերների կողմից պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվում ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է: Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս։