Բողոքի ակցիայի մասնակիցների մի խումբ հարձակվել է Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի ավտոշարասյան վրա և քարեր նետել մեքենաների ուղղությամբ:
Բնապահպանության և էներգետիկայի նախարար Ինես Մանզանոյի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պետության ղեկավարը մեկնում էր Կանյար նահանգի Էլ Տամբո քաղաքում կայանալիք միջոցառմանը։ Նա ասել է, որ մոտ 500 մարդ է հավաքվել ավտոշարասյան երթուղու երկայնքով և հարձակում սկսել։
Մանզանոն ընդգծել է, որ հարձակման վերաբերյալ դատախազություն բողոք է ներկայացվել։ «Նախագահի մեքենայի վրա հայտնաբերվել են գնդակի անցքերի հետքեր։ Նախագահ Նոբոան չի տուժել, և մեղավորները անպատիժ չեն մնա»,- նշել է նախարարը։
Դեպքից հետո նախագահը շարունակել է իր ծրագիրը Ասուայ նահանգի Կուենկա քաղաքում, որտեղ հանդիպել է ուսանողների հետ։
Նոբոան ավտոշարասյան վրա հարձակումը անվանել է «վանդալիզմ»։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները դժգոհ են դիզելային վառելիքի սուբսիդիաները վերացնելու կառավարության որոշումից։
Միևնույն ժամանակ, Էկվադորի բնիկ ժողովուրդների կոնֆեդերացիան (Կոնայե), որը 16 օր բողոքում է սուբսիդիաների վերացման դեմ, հայտարարել է համազգային գործադուլի մասին։
Նախագահ Նոբոան նախկինում հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են իրականացնել սուբսիդիաները վերացնելու որոշումը, և դիմադրողները կպատժվեն։
Հինգ կասկածյալ ձերբակալվել է և մեղադրվում է ահաբեկչության և սպանության փորձի համար: Սա Նոբոայի ավտոշարասյան վրա արդեն երկրորդ հարձակումն է. առաջինը եղել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին: