Եվրամիությունը պատրաստվում է տեխնիկական աշխատանքներ սկսել՝ Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացն առաջ մղելու համար, չնայած Հունգարիայի դիրքորոշմանը: Այս մասին հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է փոփոխություններ կատարել իր կանոններում՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վետոն շրջանցելու համար՝ մի քանի թեմատիկ խմբերում տեխնիկական աշխատանքներ սկսելու միջոցով, նույնիսկ առանց բանակցություններ սկսելու պաշտոնական որոշման։ Այս հարցը կքննարկվի Կոպենհագենի գագաթնաժողովում, որտեղ ԵՄ առաջնորդները կհավաքվեն հոկտեմբերի 1-ին։
Ավելի վաղ եվրոպական Politico պարբերականը, հղում անելով եվրոպացի դիվանագետներին և պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան առաջ է մղում ԵՄ-ին նոր անդամ պետությունների ընդունման ընթացակարգը փոխելու նախաձեռնությունը, որով փորձում է շրջանցել Ուկրաինայի անդամակցությանը խոչընդոտող Հունգարիայի որոշումը։
Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Ուկրաինայի շտապողական անդամակցությունը ԵՄ-ին, քանի որ դա կքայքայի եվրոպական տնտեսությունը և կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղղակի զինված հակամարտության: Հունիսի 26-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում վարչապետ Վիկտոր Օրբանը արգելափակել է Ուկրաինային աջակցելու համատեղ հայտարարությունը, որը կարող էր հարթել անդամակցության բանակցությունների ճանապարհը: