Նախկինում վարժական հավաքներն իրականացվել են հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության. Արման Սարգսյան

Եթե ասում եք աչքակապություն, ապա ամեն ինչ կթաքցվեր և շտկումներ և փոփոխություններ չէին իրականացվի, դա արդեն իսկ ճիշտ ձևակերպում չէ։ Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 30-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարժական հավաքներին առնչվող նախագծի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից հնչած քննադատություններին։

«Եթե մենք տեսնում ենք խնդիրը և լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին խոսք չի կարող լինել։ Հաջորդ չկան մեծագույն պրոբլեմներ, այդ ձևակերպումը ևս ուրճացված է պարոն Մանուկյան, որովհետև մենք օրստօրե տեսնում ենք փոփոխություններ և այդ փոփոխությունը բացառապես դրական են։

Իսկ ինչո՞ւ փոփոխություններ, որովհետև նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։

Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման և նաև մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետև 24 օրից 10 օրը, ըստ զինվորական հաշվառման մասնագիտության, իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են և այդպես շարունակ»,–ասաց նա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ իրենք ներկայացրել են օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառեն՝ սկսած ֆինանսականից։

«Այս Ազգային ժողովը ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այնպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա իր աշխատավարձից բացի գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի։

Դուք ներկայացնում եք, որ ոչ գրանցված աշխատողները տուժում են, կներեք, բայց ցանկալի է գրանցվեն այդ աշխատողները, որովհետև ի՞նչ է նշանակում ոչ գրանցված աշխատող։ Ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաև բանակի կարիքները հոգալու համար»,– ընդգծեց Արման Սարգսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի մեկ այլ դիտարկմանը, թե վարժական հավաքից հետո քաղաքացուց 2000 դրամ են պահել, Արման Սարգսյանը արձագանքեց. «Մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերել է այն իրերին, որոնք հատկացվում են: Իրականում, եթե զինծառայողն ստանում է ջրի շիշ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար, և դրանք կորցնում է, բնականաբար, պետք է իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք է գույքի հանդեպ, որն իրենն է»:

Նշենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատասխանատվության դրսևորման ձևերը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930