«Զվարթնոց» արգելոց-թանգարանում կցուցադրվի Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութերը, նաև ազգագրական առարկաները

Հոկտեմբերի 1-ին «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Հառիճի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը։ «Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ը կանցկացվի «Ժառանգություն և ճարտարապետություն. պատուհաններ՝ դեպի անցյալ, դռներ՝ դեպի ապագա» խորագրի ներքո։

Ցուցահանդեսին ներկայացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող՝ Հառիճի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութերի, ինչպես նաև ազգագրական արժեքավոր առարկաների մի մասը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ցուցադրության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը՝ Հառիճավանքը։ Ցուցադրվելու են վանական համալիրի արխիվային լուսանկարներ, չափագրություններ, վերականգնման աշխատանքների վերաբերյալ վավերագրեր։

Բացի ճարտարապետական և հոգևոր նշանակությունից, Հառիճի վանքը հայտնի էղել նաև որպես կրթության կենտրոն։ Հայտնի է նաև, որ Կոմիտասը գտնվելով Հառիճավանքում՝ գրի է առել 34 նոր երգ։ Դրանցից մի քանիսը ցուցահանդեսի բացման ժամանակ հնչելու են Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» ուսանողական երգչախմբի կատարմամբ։

Ցուցահանդեսի նպատակն է՝ վերարժևորել Հառիճի դերը հայկական ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային շարունակականության պահպանման ճանապարհին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930