Ալեն Սիմոնյան– Հայկ Սարգսյան կոնֆլիկտը թեժանու՞մ է

ՔՊ վարչության ընտրություններից հետո կուսակցությունում խմորումները շարունակվում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հակամարտությունը նոր փուլ է թևակոխել։ NEWS.am–ի տեղեկություններով, ԱԺ նախագահը մի քանի օր առաջ գրավոր դիմել է Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող «White Shorja» հանգստյան գոտու հետ կապված տեղեկություններն իրեն տրամադրեն։ Մասնավորապես Սիմոնյանը նախարարությունից խնդրել է իրեն փոխանցել՝ «White Shorja» ՍՊԸ–ին պատկանող հանգստյան գոտին գտնվու՞մ է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի տարածքում կամ նախարարության ենթակայության տակ գտնվող այլ մարմնում, վարձակալության տրվե՞լ է, ի՞նչ ժամկետով, ներկայացվե՞լ է արդյոք ներդրումային ծրագիր, այդ ծրագրով նախատեսված պարտականությունները կատարվե՞լ են, վարձակալության տրամադրվել է մրցութայի՞ն, թե՞ այլ ընթացակարգով։ Դիմումում նշվում է նաև. «Ձեր կողմից կատարվե՞լ են ստուգումներ «White Shorja» հանգստյան գոտում, արձանագրվե՞լ են խախտումներ, նշված հանգստյան գոտին կառուցելիս պահպանվե՞լ է իրավական ակտերով սահմանված պահանջները, ի՞նչ հիմքով է ջրօգտագործումն իրականացվում»։ Ալեն Սիմոնյանը նաև անհրաժեշտ է համարել ներկայացնել այս ընկերության գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք առկա են նախարարությունում։

Հայկ Սարգսյանի՝ այս հանգստյան գոտու հետ կապն առաջին անգամ մամուլում ակտիվ քննարկվեց 2020–ին՝ կորոնավիրուսի ժամանակ։ Համացանցում լուսանկարներ տարածվեցին, որ այս հանգստյան գոտում խնջույք է եղել, որի մասնակիցները դիմակ չեն կրել, նրանց թվում էր նաև Հայկ Սարգսյանը։ Հետագայում Սարգսյանը վստահեցրեց, որ «White Shorja»–ի հետ կապ չունի, այն իր ընկերոջն է պատկանում։ Հաշվի առնելով վերջին շրջանում Ալեն Սիմոնյան–Հայկ Սարգսյան հակամարտությունը, ուշագրավ է՝ ինչու՞ է այս օրերին ԱԺ նախագահը պետական կառույցին դիմում այս հանգստյան գոտու հետ կապված տեղեկությունների «փաթեթ» ստանալու նպատակով։ Ազգային ժողովի նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով. «Այո, հարցում ուղարկել ենք, սակայն մեր հարցադրումներին վերջնական պատասխան դեռ չենք ստացել։ Միայն ստացել ենք պատասխան, որ մեր հարցման հիման վրա ուսումնասիրություն է գնում, ու մեզ պատասխան կտրամադրվի առաջիկայում։ Մենք նմանատիպ հարցումներ պարբերաբար իրականացնում ենք տարբեր գերատեսչությունների` քաղաքացիների դիմումների հիման վրա` տարբեր թեմաների առնչությամբ։ Կարծում եմ` արտառոց ոչինչ չկա, քանի որ սա մեր բազմաթիվ հարցումներից հերթականն է»։

Հիշեցնենք նաև, որ վարչության վերջին ընտրությունից օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայկ Սարգսյանը կուսակցական ժողովներից մեկի ժամանակ բողոքել է Սիմոնյանից՝ մեղադրելով նրա բուքմեյքերական ընկերություններում ֆինանսական շահեր ունենալու համար։ Դրան անմիջապես հետևեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը՝ ապրիլին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին։ Կհեռացվի՞ Հայկ Սարգսյանը կուսակցությունից, դեռ պարզ չէ։ Սակայն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց՝ հայտարարությամբ հարցը կարելի է փակված համարել։

Վարչության ընտրությունն էլ Հայկ Սարգսյանի համար բարեբեր չեղավ։ Նա վարչության անդամ դառնալու համար բավարար ձայներ չհավաքեց։ Ալեն Սիմոնյանն էլ հպարտանալու մեծ առիթ չունեցավ՝ ցուցակում նա 11–րդն է՝ առջևում թողնելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Սիմոնյան–Սարգսյան այս նոր կոնֆլիկտը ինչ զարգացում կունենա, առաջիկայում պարզ կլինի, բայց ակնհայտ է, որ կողմերն արդեն մտել են միմյանց բիզնես շահերի տիրույթ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930