Վերաբացվում է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական արվեստի թանգարանը

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական արվեստի թանգարանը, որի տարածքը երկար տարիներ անց վերադարձվել է կենտրոնին, սեպտեմբերի 25-ին իր հյուրընկալ դռները կբացի այցելուների առաջ։

  Վերանորոգման, ֆունկցիոնալ առումով վերաիմաստավորման և վերազինման աշխատանքներից հետո Մանկական արվեստի թանգարանն այսօր ներկայանում է նոր շնչով ու հնարավորություններով, բայց հավատարիմ իր հիմնադիրների՝ Հենրիկ Իգիթյանի և Ժաննա Աղամիրյանի սկզբունքներին ու տեսլականին:  

Հենց նրանք 1968 թվականին Նկարիչների տանը բացված «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսով դրեցին աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնաքարը՝ բերելով նոր մշակույթ ու կոնցեպտ:

 Թանգարանը մանկական երևակայության, վառ ձևերի ու գույների խտացման վայր է: Այստեղ ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի բոլոր տարիների սաների լավագույն աշխատանքները, տարբեր թեմաներով արված նախագծեր, թանգարանի «ոսկե ֆոնդը», շուտով կվերաբացվի նաև միջազգային բաժինը:  

Ցուցադրված աշխատանքների հեղինակներն արդեն վաղուց երեխա չեն, նրանցից ոմանք այսօր հայտնի անուններ են «մեծ» արվեստի աշխարհում: Ներկայացված են նաև այսօր իրենց մանկությունն ապրող երեխաների գունեղ գործերը: Հիմնական ցուցադրությունից բացի, թանգարանի առաջին սրահում պարբերաբար անցկացվելու են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ: Վերաբացման առթիվ այնտեղ ցուցադրվելու է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված բազմաժանր ցուցադրությունը: 

Հայաստանի մանկական արվեստի թանգարանում այսուհետ ոչ միայն կարող եք դիտել երեխաների կողմից ստեղծված արվեստը, այլև ինքներդ ստեղծել արվեստ: Այստեղ կան աշխատարանների, վարպետության դասերի, արվեստային տարբեր միջոցառումների համար նախատեսված տարածքներ տարբեր տարիքի անձանց համար: Այդ ամենն իրականացվելու է «Արտակարգ» արվեստի հարթակի միջոցով: Այն հիմնադրվել է հստակ ու հավակնոտ առաքելությամբ՝ ստեղծելու նորարարական, ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական տարածք, որտեղ տարբեր տարիքի, մասնագիտության և հետաքրքրությունների տեր մարդիկ կարող են ուսումնասիրել, արտահայտվել և զարգանալ արվեստի փոխակերպող ուժի միջոցով։ Հարթակի առանցքում կենտրոնի հարուստ մանկավարժական փորձը, միջազգային համագործակցությունները և մանկական արվեստի խթանման համաշխարհային նվաճումներն են։ Այդ ամենը հիմնված է կենտրոնի հարուստ ժառանգության վրա, որն ավելի քան հինգ տասնամյակ Հայաստանի մշակութային և կրթական ոլորտի անկյունաքարն է: 

Մանկական արվեստի թանգարանում գործելու է նաև գրադարան-գրախանութ, որտեղ կարող եք ոչ միայն ուսումնասիրել արվեստին առնչվող տարատեսակ գրականություն, այլև ձեռք բերել Գեղագիտության ազգային կենտրոնի տարբեր տարիների լավագույն հրատարակությունները:

 Բովանդակային վերազինումից բացի, թանգարանը վերանորոգումից հետո ֆիզիկապես դարձել է ներառական ու մատչելի տարածք բոլորի համար: Ներդրվել է վերելակ, որի օգնությամբ բոլորն առանց խոչընդոտների կկարողանան շրջել թանգարանի երկու հարկերով ու սրահներով: 

Մանկական արվեստի թանգարանի վերածնունդը հնարավոր է դարձել «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ և Artbox HUB ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհով:  Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930