Ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների. Վարդան Ղուկասյան

Հայաստանի հանրությունը երեկ ցնցվեց Մերձավանի համայնքապետի բարբարոսական սպանության մասին լուրից։ Սա երկրում տիրող ամենաթողության, արդարության և արդարադատության պակասի, մահաբեր բանդաների գործներության և անպատժելիության վկայությունն է։ Փաստացի՝ երկրի իրավապահ համակարգը զբաղված է այլախոհների դեմ ռեպրեսիաներով, ճնշումներով, փոխանակ կանխի դրանք։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում եմ Մերձավանի համայնքապետ Վոլորդյա Գրիգորյանի սպանությունը՝ հիշեցնելով, որ դեռևս բացահայտված չէ իմ նկատմամբ 2007 թվականի ապրիլի 2-ին կազմակերպված մահափորձը, որին զոհ գնացին իմ 4 ընկերները, ծանր վիրավորվեց փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Քաղաքական պատվերով այս հանցագործությունը, ցավոք, ծնեց նորերը։

ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, իսկ բարձագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքները՝ պետական քաղաքականության։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Մերձավանի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի հարազատներին և Մերձավանի բնակիչներին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930