Համոզված եմ՝ դա մի քանի հոգու ձեռի գործ է. մերձավանցիները՝ իրենց համայնքապետի սպանության մասին

Լավից բացի ոչ մի բան չեմ կարող ասեմ, միայն լավը կարող եմ ասել թե համայնքի համար, թե որպես մարդ, թե որպես տղա, ցավալի է, ուրիշ բան չգիտեմ ես, տեղյակ չեմ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավանում NEWS.am–ի հետ զրույցում նշեց յուղացիներից մեկը՝ անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

Մեկ այլ մերձավանցի էլ նշեց. «Շատ վաղուց իր հետ, իր ընտանիքի հետ կապը, հարաբերությունը շատ լավ է եղել, բարեկամավարի։ Ես իրեն ճանաչում եմ շատ փոքրուց, մանկուց։ Տենց լավ մարդ երևի թե չես կարա ճարես էս երկրում, էս դարում։ Մեծ ցավ է, սաղ կյանքում մրջյուն տրորած չկա, ոսկի անձնավորություն էր թե ինքը, թե իր ընտանիքը, թե ինքը որպես մարդ, որպես համայնքի ղեկավար։ Մի քանի ամիս է, ինչ ընտրվել է արդար ձևով ու իր աշխատանքը փաստ է։

Թող քննություն ընթանա, պարզվի իրականությունը, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ դա մի հոգու ձեռի գործ չի, դա մի քանի հոգու ձեռի գործ է։ Ինքը թշնամիներ չի ունեցել, ես իրեն հինգ չէ, 15 մատի պես գիտեմ։ Բոլորին օգնել է, բոլորին լավություն է արել, եթե չի էլ կարեցել, չի էլ խանգարել»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930