Փաշինյանը դեպքից ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահներին. Նախկին դատախազ

Փարաքար համայնքի ղեկավարի սպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հայտարարության կարևոր ենթատեքստը կարծես չնկատվեց։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նա ասում է՝ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար և ինչո՞ւ չեն կատարվել։

Այսինքն, ինչպես իր շահագրգռվածության մյուս դեպքերում՝ «Սուրմալու»-ի պայթյուն, Ազատի զինվորական կացարանի հրդեհ և այլն, Փաշինյանը հերթական անգամ, դեպքից ընդամենը ժամեր անց նախաքննության իր ցանկալի վարկածն ու ծավալն է պարտադրում իրավապահ մարմիններին՝ ակնարկելով, որ երեկվա սպանությունը կատարվել է վրեժի շարժառիթով և փոխկապակցված է սույն թվականի փետրվարի 5-ին նույն համայնքում՝ ՔՊ-ական պաշտոնյայի բակում կատարված սպանության հետ։

Նշվածից հիմնավոր կասկած է ձևավորվում, որ սպանության այս դեպքը ևս արժանանալու է հիշատակված մյուս հանցագործությունների քննության «ճակատագրին»…»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930