Մերձավանում տեղի ունեցած հանցագործության հետևանքով երեկ սպանվեց մեր գործընկեր՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը:
Վալոդյա Գրիգորյանին սպանեցին հենց իր տան դիմաց։ Թեև Վալոդյայի համար ողջ համայնքն էր մեկ տուն ու ընտանիք։ Այդպիսին էին նրա ծրագրերը որպես համայնքի ղեկավար, այդպիսին էր նրա մոտեցումը յուրաքանչյուրին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, դավադիր գնդակը ընդհատեց նրա երիտասարդ կյանքը՝ միաժամանակ խափանելով համայնքային զարգացմանը միտված բազում ծրագրեր:
«Միասնություն» դաշինքը՝ ի դեմս «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների, մեծ ծրագրեր ուներ՝ կապված Փարաքար համայնքի զարգացման ու նրա բնակիչների բարեկեցության ապահովման հետ: Այդ ծրագրերի հիմնասյուներից էին հենց Վալոդյա Գրիգորյանի առաջնորդական որակներն ու կազմակերպչական ձիրքը, ինչպես նաև այն հարգանքը, որ նա վայելում էր համայնքում:
Սակայն, ըստ ամենայնի, ոչ բոլորին էր ձեռնտու Փարաքարը տեսնել ուժեղ համայնք՝ ուժեղ ղեկավարով և հեռանկարային ծրագրերով:
Վալոդյա Գրիգորյանի և Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունները ոտնձգություն են նաև տեղական ինքնակառավարման և իրավապահ համակարգերի, քաղաքական այլակարծության և վերջապես մարդու՝ ապրելու և աշխատելու սահմանադրական իրավունքի դեմ:
Խստորեն դատապարտելով կատարված հանցագործությունը և սգալով մեր ընկերոջ ու գործընկերոջ մահը՝ իրավապահ մարմիններից պահանջում ենք շուտափույթ բացահայտել հանցագործությունը և խստորեն պատժել դրա բոլոր մասնակիցներին՝ հնարավոր ծրագրողներից, կազմակերպողներից մինչև իրականացնողներ:
«Հաղթանակ» կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է, սակայն նրա ինքնության մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։