Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը Կոպենհագենի օդանավակայանում գործունեությունը կասեցրած անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումն անվանել է «Դանիայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա մինչ օրս ամենալուրջ հարձակումը»։
«Այն, ինչ մենք տեսանք երեկ երեկոյան, Դանիայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա մինչ օրս կատարված ամենալուրջ հարձակումն է», — նրա խոսքերը մեջբերել է TV 2-ը։ «Մենք չենք բացառում որևէ տեսություն այն մասին, թե ով է կանգնած դրա հետևում»։
Ավելի վաղ, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանի կառավարման կենտրոնը հայտարարել էր օդանավակայանի ժամանակավոր փակման մասին։ Ավելի ուշ Reuters-ը, հղում անելով դանիական ոստիկանությանը, հայտնել էր, որ օդանավակայանը վերսկսել է գործունեությունը։ Գործակալությունը նաև հայտնել էր, որ օդանավակայանն անօդաչու թռչող սարքերի պատճառով շեղել է առնվազն 31 չվերթ։
Դանիական ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք տեղեկություններ չունեն այն մասին, թե ով է շահագործել անօդաչու թռչող սարքերը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նշել են, որ հետաքննում են Նորվեգիայում տեղի ունեցած միջադեպի հետ հնարավոր կապը։ Օսլոյի օդանավակայանը նույնպես երեք ժամից ավելի կասեցրել է գործունեությունն՝ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։