Տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բևեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Ներկայում մենք աշխատում ենք դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Քաղաքական, տնտեսական և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ և բարիդրացիական հարաբերություններ և համագործակցություն բոլոր կողմերի հետ։
Հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը մեծ աշխատանք է տանում նաև Եվրամիության հետ։ Այդ նպատակով 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց ԵՄ–ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ընդ որում նախագիծը քաղաքացիական նախաձեռնությամբ էր հասել Ազգային ժողով։
Ես վստահ եմ, որ մեր այսօրվա և վաղվա քննարկումները լինելու են կառուցողական և արժեքավոր, ձեզ մաղթում եմ հաճելի ժամանց Երևանում, քաղաք, որ արտացոլում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ջերմ հյուրասիրությունը»,– ընդգծեց նա։