Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ. Զուրաբյան

Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

«Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները, առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները.

Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին Կայսրությունը:
Երկրորդ Հանրապետությունը (1848-1852), որը ծնվեց միապետության դեմ հեղափոխությունից հետո և վախճանվեց, երբ Նապոլեոնի զարմիկը` Լուին հռչակեց Երկրորդ Կայսրությունը:
Երրորդ Հանրապետությունը (1870-1940), որը ստեղծվեց, երբ Լուի Նապոլեոնի կայսրությունն ընկավ Պրուսիայի հարվածների տակ, և վախճանվեց նացիստական Գերմանիայից կրած պարտության արդյունքում:
Չորրորդ Հանրապետությունը (1946-1959) ստեղծվեց, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական օկուպացիայից:
Հինգերորդ Հանրապետությունը (1958-մինչև հիմա) ստեղծվեց, երբ Ֆրանսիան փոխեց հանրապետական կառավարման ձևը խորհրդարանականից` կիսանախագահական:
Այսպիսով, ըստ ներկայացված ավանդույթի, հանրապետության համարակալումը փոխվում է, եթե նոր հանրապետության ստեղծմանը նախորդել է

ա) ոչ հանրապետական կառավարման ժամանակաշրջան (1, 2, 3 հանրապետությունները),

բ) օկուպացիայի ժամանակաշրջան (4-րդ հանրապետությունը),

գ) սահմանադրական կառավարման այլ մոդել:

Այս ստույգ չափանիշներով` Հայաստանում Չորրորդ Հանրապետությունը ստեղծվել է 2018 թվականին, երբ կատարվեց անցումը կիսանախագահական կառավարման համակարգից` խորհրդարանական կառավարման համակարգ:

Այդ անցումը իրականացրել է Սերժ Սարգսյանը, բայց նրան չհաջողվեց շարունակել իր կառավարումը նոր համակարգում: Չորրորդ հանրապետությունը ունեցել է ընդամենը մեկ կառավարիչ` Նիլոլ Փաշինյանը, որն արդեն ութ տարի է ինչ ղեկավարում է կառավարման այս նոր մոդելի շրջանակներում:

Չորրորդ Հանրապետությունն, այսպիսով, գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի ոչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում:

«Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում է մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար: Դա նաև մի հանդիսավոր ծխածածկույթ է, որի տակ թաքնվելով` նա ցանկանում կատարել մեր Սահմանադրության փոփոխության հետ կապված Ադրբեջանի պահանջները:

Մեր նպատակը պետք է լինի հեռացնել Փաշինյանին և իրականացնել այնպիսի սահմանադրական ռեֆորմ, որը կվերականգնի և կվերածնի հայոց պետականությունը»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930