Հայաստանի բանակը զարգանում է լուռ. հրաժարվել ենք թմբկահարելու տրամաբանությունից. Փաշինյան

Մենք աչքաթող չենք անում մեր երկրի պաշտպանունակության օրակարգը, և այս առումով պաշտպանության ոլորտի մեր քաղաքականությունները երբեք ավելի բազմազան չեն եղել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ պաշտպանունակ բանակ ունենալը մեր ռազմավարական խնդիրն է ու վերջին տարիներին բանակում այնպիսի բարեփոխումներ ու զարգացումներ են տեղի ունեցել, որոնք աննախադեպ են ոչ միայն ծավալով, այլև բովանդակությամբ. «Բանակի բարեփոխումների մեր ռազմավարության կարևորագույն նորություններից մեկն այն է, որ մենք որոշել ենք հրաժարվել թմբկահարելու երբեմնի տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետության բանակը զարգանում է լուռ և հետևողականորեն, բայց ռազմավարական, քաղաքական մակարդակում մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչ նպատակի համար է մեզ հարկավոր բանակը, քաղաքական ի՞նչ խնդիր լուծելու համար է դա պետք։ Եվ այստեղ էլ մենք հենվում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, իսկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընդգծում է, որ մեզ համար հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, որի քաղաքական այժմ արդեն իրավական արտահայտումը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է։

Մենք պետք է հստակ արձանագրենք, որ այսօր և երբևէ Հայաստանի բանակը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս որևէ խնդիր չունի և չի ունենալու։ Մենք հենվում ենք Ալմա–Աթայի հռչակագրով հաստատված մեր սահմանների անձեռնմխելիության տրամաբանության վրա՝ արձանագրելով, որ այդ սահմանները անձեռնմխելի են թե՛ դրսից, թե՛ ներսից։

ՀՀ բանակը միայն ու միայն այս սկզբունքների շրջանակում է գործելու, և այդ սկզբունքների շրջանակում է մնալու՝ պաշտպանունակությունը, բացառապես պաշտպանունակությունը, դարձնելով իր իր թիվ մեկ խնդիրը։ Այս խնդիրը լուծվում է արդյունավետ կերպով, ամեն օր, ամեն ժամյա աշխատանքով»,– հայտարարեց նա։

Վարչապետը ընդգծեց, որ բանակը պաշտպանության ոչ թե առաջին, այլ վերջին բնագիծն է. «Լեգիտիմության վրա հիմնված միջազգային քաղաքականությունը, խաղաղությունը, խաղաղության օրակարգը, տարածաշրջանացումը, այն է՝ հարևանների հետ կարգավորված հարաբերությունները, հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, աշխարհի և տարածաշրջանի հետ փոխկապակցվածություններն են անվտանգության ապահովման առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ բնագծերը»,–ասաց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930