Այդ բոլորը բամբասանքներ են։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ի ներսում սկանդալների մասին տեղեկություններին։
Դիտարկմանը, որ ՔՊ–ն հաղորդագրություն է տարածել, որ կոնկրետ Ալեն Սիմոնյանի ու Հայկ Սարգսյանի միջեւ միջադեպ եղել է, նա ասաց. «Դա բնական, ներկուսակցական, օրգանիկ գործընթացներ են։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն 10 տարեկան է և այսօր մեր հերթական յոթերորդ համաժողովն է, որը հաջորդել է ներկուսակցական շատ առողջ, ինստիտուցիոնալ, ընդգրկուն քարոզարշավին, որպեսզի կուսակցությունը ընտրի իր գործադիր բարձրագույն մարմնին՝ կանոնադրության համաձայն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ կուսակցությունը 10 տարում դարձել է այնպիսի ինստիտուցիոնալ կառույց, որ որևէ անձնակենտրոն, որևէ քմահաճությունների բերումով ղեկավար կազմեր չի ձևավորում, ամբողջը իրականացվում է առողջ քաղաքական մրցապայքարի բովով անցնելով։ Այդ գործընթացները, բնականաբար, կարող են զուգորդվել տարբեր տեսակետների առողջ բախումներով, ընդամենը դա էր: ՔՊ-ում ամեն ինչ կայուն է, ամեն ինչ առողջ է և նաև վարչապետն ասեց, որ արշալույսները խաղաղ են, բայց գործընթացներ կան, ինչը շատ նորմալ է: Մարդկային հարաբերություններում էլ կա առօրյա կյանքում, ի՞նչի եք զարմանում»։