Ես 7 մլն աշխատավարձ չեմ ստանում, եթե չգայի ՀԷՑ, հոսանքազրկումները 1,5-ի փոխարեն 6 ժամ կտևեին. Ռոմանոս Պետրոսյան

Moody’s–ի վարկանիշային գնահատականը մի բալով բարձր էր մեր երկրի սուվերեն վարկանիշից, և օրինակ ինձ համար տարօրինակ էր, որ լիցենզավորված ընկերությունը, ում լիցենզիան տալիս է պետությունը, պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մյուս կողմից էլ, դա դարձյալ իմ անձնական վերլուծությունն է, իջեցնելը կարծում եմ կապված էր նաև այն բացահայտումների, որոշ փաստերի, որոնք ի դերև ելան ժամանակավոր կառավարչի գործունեության բերումով։

Մյուս մասով գործընթացների, ես գործում եմ օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ օրենսդրական փաթեթը այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանի վարույթում, և քանի դեռ որևէ վճիռ չկա, քանի դեռ որևէ դատական ակտ չկա, բնականաբար ամեն ինչ իրավաչափ և օրինաչափ է, որևէ տարօրինակ բան չկա»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ արդեն մի դատական ակտ կառավարությունը թողեց անկատար, խոսքը միջազգային արբիտրաժի մասին է, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դա դատական ակտ չէր, դա որոշում էր, որը ներպետական դատական մարմիններով պետք էր դա ուժ ստանար, որից հետո դառնար պարտադիր կատարման ենթակա։ Դրանից ավելին չեմ ուզում մեկնաբանել»։

Պետրոսյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում. «Սխալ են այդ տեղեկությունները, ես ձեզ ավելին ասեմ, դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակեմ, բայց նաև իմ հայտարարագրի մեջ դուք դա կտեսնեք։

Այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ–ի 1000-ից ավելի սոցիալական ամենաներքևի շեմից ներքեւ գտնվողներին»։

Լրագրողները հիշեցին, որ երեկ ամբողջ կենտրոն վարչական շրջանը հոսանքազրկված էր, լուսացույցերը չէին աշխատում ու բոլոր վարորդները իրենց էին մեղադրում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «ՀԷՑ–ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկ ու կես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ։ Եվ երկրորդը, այդ անջատման մեջ կար որոշակի նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, որի հետևանքը անջատումներն էին, ինչի կապակցությամբ երկուշաբթի օրը հենց ՀԷՑ–ում կլինեն ազատումներ և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930