Այսօր մենք ընդունեցինք օրենք և սեպտեմբերի 19–ը ընդունեցինք Հիշատակի ու պահանջատիրության օր. այսօր այստեղ ենք՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով երկու տարի առաջ այս օրերին Եվլախում բանակցությունների էր գնացել ադրբեջանցիների հետ։
Դիտարկմանը, որ այս օրվա հիշատակում Հայաստանի պաշտոնական օրացույցում չկա, նա ասաց. «Այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Սա մեզ համար էլ է անընդունելի, քանի որ երկու տարի է անցել և որեւէ կերպ չեն անդրադառնում այս հարցին։ Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը մենք չպետք է տանք»։
Հարցին՝ ի՞նչ էր կատարվում երկու տարի առաջ այս օրն Արցախում, Դավիթ Մելքումյանը պատասխանեց. «Սովորական, բնականոն աշխատանքներով հանդիպումներ էինք ունենում տարբեր շրջաններում, քանի որ արդեն կային որոշակի տեղեկություններ, մասնավորապես խոսքն այն մասին էր, որ պետք է գնալ այդ կոմպրոմիսին և բացել ճանապարհը, օգտվել այդ հումանիտար օգնությունից։ Կարծում եմ՝ որևիցե պայմանավորվածություն չի խախտվել կոնկրետ այս ժամին, այս պահին, և մենք ավելի շատ կենտրոնացած էինք դեպի դրականը և փորձում էինք մեր հանրությանը բացատրել, թե հրաժարվելու հետևանքները ինչ կարող էր լինել։ Գրեթե բոլորը համաձայն էին ու տրամադրված էին, որ հումանիտար կորիդորները բացվեն, բայց մի քանի ժամ հետո տեղի ունեցավ այն, ինչին մենք բոլորս ականատես եղանք»։
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե համարժեք և համապատասխան օգնություն Արցախը ստանար, կկարողանա՞ր դիմակայել, նա արձագանքեց. «Խնդիրը ոչ միայն հումանիտար օգնության մեջ է, արդեն երկու տարի անց, վստահ եմ՝ բոլորդ ձեր վերլուծությունները ունեք և դուք բոլորդ տեսաք, որ լրիվ այլ հարթակում էին այս հարցերը լուծվում, լրիվ քաղաքական բան ուներ։ Հումանիտարը ընդամենը ձևական բնույթ էր կրում, դա մի հատ մեծ շիրմա էր, որի տակ այս ամբողջ մեծ գործընթացը թաքնվում էր։ Այո, կարծում եմ՝ որոշումները կայացված էին և գերտերությունների կողմից, ցավոք սրտի, ուղղակի մենք տեղեկացված չէինք այս բոլոր գործընթացներից, քանի որ հնարավորությունը չունեինք ինքներս մասնակցել այդ մեծ գործընթացներին»։