ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՍՄՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները, նախարարության ոլորտայի ստորաբաժանման ղեկավարներ: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին խորհրդի կազմում ընդգրկվելու առիթով: Նա նշել է, որ «Թանգարանների մասին» օրենքի համաձայն՝ ձևավորվել է Թանգարանների խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է՝ 15 հոգանոց կազմով և երեք տարի ժամկետով: Խորհրդի կազմում ներգրավված են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ներգրավված են նաև թանգարանների ներկայացուցիչներ:
«Այս ձևաչափով պետք է քննարկվեն թանգարանային ոլորտի կարևոր հարցերը, որի արդյունքում ներկայացվող խորհրդակցական առաջարկները և եզրակացությունները կարող են հիմք ծառայել թանգարանային քաղաքականության հստակեցման և ճշգրտման համար: Շատ կարևոր է, որ ոլորտում այսպիսի հավաքական խորհրդակցական մարմին է ձևավորվել»,- նշել է նախարարը` խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ աշխատանք:
Թանգարանների խորհրդի առաջին նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի վերաբերյալ: Հարցը զեկուցել է Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը` հանգամանորեն ներկայացնելով թանգարանային հուշանվերների զարգացման ներդրումային ծրագրի առաջարկը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համահունչ է Կառավարության շարունակական քաղաքականությանը. «Փորձում ենք բարձրացնել մշակույթի ոլորտի ինքնաբավությունը՝ մյուս կողմից ավելի նշանակալի դարձնելով մշակույթի դերը հանրային և տնտեսական զարգացման համատեքստում: Այս մոտեցումն ամրագրված է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության մեջ: Մշակույթը դիտարկում ենք իբրև ստեղծարար արդյունաբերության կարևոր ճյուղ և այդ իմաստով մեծ աշխատանք ունենք անելու: Վերջերս ընդունված «Թանգարանների մասին» օրենքն այս առումով մեծ հնարավորություններ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո խորհուրդը քննարկել է նախագիծը` ներկայացնելով առաջարկներ և դիտարկումներ, որոնք վերաբերել են թանգարանների խանութի և հուշանվերային արտադրանքի տարբեր բաղադրիչներին, կիրառման մեխանիզմներին և գործիքակազմին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Մշակույթի զարգացման հիմնադրամին կատարած ծավալուն աշխատանքի համար՝ առաջարկելով նախագիծը մեկ անգամ ևս քննարկել` ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա այն լրամշակելուց հետո: